Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի առաջին փուլի դիմումների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև 2025 թ. դեկտեմբերի 31–ը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Վերջնաժամկետը երկարաձգվումը պոտենցիալ շահառուների շրջանում կմեղմի այն անհանգստությունը, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմած շահառուները չեն հասցնի մինչև սահմանված վերջնաժամկետը ստանալ այն և դիմել ծրագրում ընդգրկվելու համար»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Բացի այդ, տեղահանումից հետո ծնված երեխաները համարվում են տեղահանված, եթե ծնողներից առնվազն մեկն ունի տեղահանվածի կարգավիճակ։ Այդ պատճառով նրանց տվյալների նույնականացումը 2020 թ. սեպտեմբերի 27-ից և 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի կողմից ԼՂ դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված և ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված բռնի տեղահանվածների տվյալների շտեմարանում պարտադիր չէ։
Նշենք, որ ՀՀ կառավարության 2024 թ. մայիսի 16-ի որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։
Հունիսի 15–ից մեկնարկել է բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրերի տրամադրման գործընթացը, իսկ հուլիսի 15-ից մեկնարկել է անհատական բնակելի տան կառուցման հավաստագրերի տրամադրման գործընթացը։
Ինչ վերաբերում է գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրերի տրամադրման գործընթացին, ապա այն մեկնարկել է օգոստոսի 1-ից։