Սիսիան-Քաջարան ասֆալտբետոնե պատվածքով նոր ճանապարհի կառուցման արդյունքում կկրճատվի Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը:
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 27-ի նիստում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 4-ի շրջանակներում Սյունիքի մարզի որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչեց:
Նախագծի նպատակը Սիսիան-Քաջարան մոտ 60 կմ նոր ճանապարհահատվածի կառուցումն է:
Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ-ի համար առաջնահերթություն է հանդիսանում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում Սիսիան-Քաջարան նոր ճանապարհահատվածի կառուցումը:
Ծրագրով նախատեսվում է կառուցել 2-րդ տեխնիկական կարգի մոտ 60 կմ ընդհանուր երկարությամբ նոր` ասֆալտբետոնե պատվածքով 11.1մ լայնությամբ, 3 երթևեկելի գոտիներով (3,30 մ) ճանապարհի կառուցում, ներառյալ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ և 12.5կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ (ամենաերկարը Բարգուշատի թունելն է՝ մոտ 8,65կմ երկարությամբ), անվտանգ երթևեկությունն ապահովող այլ աշխատանքների իրականացում:
Սիսիան-Քաջարան ասֆալտբետոնե պատվածքով նոր ճանապարհի կառուցման արդյունքում կկրճատվի Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը մինչև 100 կմ/ժ, կբարձրացվեն երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը։
Սիսիան-Քաջարան նոր ճանապարհի օտարման գոտու սահմաններում ներառված են այլ անձանց սեփականությունը հանդիսացող մի շարք տարածքներ, որոնք պետք է օտարվեն:
Խոսքը Սյունիքի մարզում գտնվող 570 միավոր հողամասերի ազդակիր հատվածների մասին է:
Այս որոշմամբ առաջարկվում է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան, Աղիտու, Դարբաս, Լոր, Իշխանասար, Նորավան, Շենաթաղ, Որոտնավան, Սիսիանի, Վաղատին բնակավայրերի, Քաջարան համայնքի Լեռնաձոր, Գեղի Նոր Աստղաբերդ բնակավայրերում գտնվող ընդհանուր 205 հողամասերի (177 փոփոխված ազդակիր մակերեսով և 28 նոր տարածքներ) ազդակիր հատվածներ ճանաչել հանրության գերակա շահ։
Օտարվող սեփականությունը ձեռք բերողը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես է գալիս «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Օտարվող սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետը 2025 թվականի դեկտեմբերի 1-ն է։