Բրազիլիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը վնասվածք է ստացել Սերբիայի թիմի դեմ աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղում։ Նա չկարողացավ ավարտին հասցնել հանդիպումը եւ փոխարինվենց 79-րդ րոպեին սերբերի պաշտպան Նիկոլա Միլենկովիչի հետ բախումից հետո։
«Նեյմարի մոտ աջ կոճի ոլորում է։ Նրա մոտ այտուց է առաջացել, մենք անմիջապես սկսել ենք բուժումը պահեստայինների նստարանին։ Այժմ պետք է սպասել 24-48 ժամ՝ ավելի հստակ պատկերացում կազմելու համար», – ասել է Բրազիլիայի հավաքականի բժիշկը։
Խաղադաշտը լքելուց հետո Նեյմարը չկարողացավ զսպել արցունքները, հաղորդում է news.am-ը հղում անելով՝ ESPN-ին։
Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականը սերբերին հաղթել է 2:0 հաշվով «Տոտենհեմի» հարձակվող Ռիշարլիսոնի դուբլի շնորհիվ։ Երկու գոլային գրոհների վերջնամասում մասնակցեցին Նեյմարն ու «Ռեալի» հարձակվող Վինիսիուսը։