Միասնական քննությունների առաջին փուլին դիմորդները հայտագրում են միայն առարկան, ոչ թե մասնագիտությունը. ԳԹԿ խոսնակ

Հայաստանում 2023 թվականից  դիմորդները հնարավորություն կունենան միասնական քննություն հանձնել երկու անգամ՝ տվյալ տարվա հունվար և հունիս-հուլիս ամիսներին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գնահատման թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը հայտնեց, որ հունվարին սպասվող  միասնական քննությանը մասնակցությունը կլինի ոչ թե պարտադիր, այլ՝ ըստ ցանկության:

2023 թվականից միասնական քննությունների առաջին փուլը կանցկացվի հունվարին: Առաջին փուլում դիմումների հայտագրումը կիրականացվի 2022 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ը, իսկ քննությունները կանցկացվեն հաջորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին (հունվարի 15-ից մինչև փետրվարի 15-ը):

Նա ընդգծեց, որ միասնական քննությունների հայտագրման և քննությունների անցկացման առաջին փուլում դիմորդները՝ ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտները, օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ տարում ավարտող ՀՀ քաղաքացիները, հանձնում են առավելագույնը երկու միասնական քննություն:

«Միասնական քննություններ հանձնող 12-րդ դասարանի շրջանավարտը դիմում է իր դպրոցի տնօրենին, ստանում է անձնական համարը և հայտագրվում Գնահատման թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) կայքում: Իսկ բոլոր այն դիմորդները, ովքեր դպրոցում չեն սովորում, այսինքն՝ նախորդ տարիների շրջանավարտները արտերկրի դպրոցների շրջանավարտները, քոլեջների շրջանավարտները կարող են դիմել այդ նպատակի համար առանձնացված դպրոցների տնօրեններին և ստանալ իրենց հայտագրման անձնական համարը»,- ասաց խոսնակը:

Նա հավելեց, որ ցանկացողները կարող են հայտագրվել նաև ինքնուրույն, բայց անհրաժեշտության դեպքում  հնարավորություն ունեն դիմել համապատասխան դպրոցների օպերատորների օգնությանը:

Անդրադառնալով միասնական քննությունների երկու փուլերի տարբերություններին՝ Խաչանուշ Գրիգորյանն ասաց, որ հունվարին իրականացվող առաջին փուլը  ուսումնական տարվա վերջին իրականացվող միասնական քննությունից տարբերվում է նրանով, որ  1500 դրամի փոխարեն վճարելու են 4500 դրամ, քանի որ  այն ԳԹԿ-ն իրականացնում է իր միջոցներով. կառավարությունը այս գործընթացը չի ֆինանսավորում: Ինչպես նաև տարբերությունն այն է, որ հայտագրում են միայն առարկան, ոչ թե մասնագիտությունը, այսինքն՝ մրցույթ որպես այդպիսին տեղի չի ունենում: Դիմորդը կարող է տվյալ առարկայից մեկ անգամ հունվարին հանձնել քննություն, եթե կցանկանա, երկրորդ անգամ էլ կարող է հունիսին հանձնել: Դրանից հետո ամենաբարձր գնահատականը  կմասնակցի որևէ մասնագիտության համար նախատեսված մրցույթին:

«Ի՞նչ է տալու այս նոր հնարավորությունը դիմորդին. նախ իրենք կծանոթանան  քննության գործող կարգին, պատասխանի ձևաչափին, թեստ-գրքույկին, ձևաթուղթը լրացնելու ձևին, ինչպես նաև կարող են իրենց ժամանակը հաշվարկել: Օրինակ՝ կարող է լինել դիմորդ, ով երկու քննություն պետք է հանձնի, ու սա կարող է հնարավորություն տալ իրեն երկու քննություններից մեկը հանձնել հունվարին, ստանալ իրեն բավարարող գնահատական և կենտրոնանալ մյուս առարկայի վրա, որը կհանձնի հունիսին: Իսկ չբավարարելու դեպքում էլ կարող է երկրորդ անգամ հանձնել նույն առարկան և ստանալ բավարար գնահատական»,-պարզաբանեց ԳԹԿ մամուլի խոսնակը:

Նա հավելեց՝ իսկ այն դեպքում, երբ դիմորդը երկու քննություններից մեկում կստանա անբավարար, մրցույթին կմասնակցի նրա դրական գնահատականը: Հայտագրման ավարտից հետո, երբ հայտնի լինի քննություն հանձնողների թիվը, արդեն կսահմանվեն  քննական օրերը:

Երկրորդ փուլի հայտերն ընդունվելու են 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը, իսկ քննությունները կանցկացվեն հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print