ԲԸՏՄ-ն Կարճաղբյուրում կանխել է 207 կգ սիգի ապօրինի որսը

Սիգ տեսակի ձկան որսի ու վաճառքի արգելքի ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ոստիկանության և Էկոպարեկային ծառայության աշխատակիցները գիշերային հերթափոխի ընթացքում Սևանա լճի ափամերձ տարածքում հայտնաբերել են որսագողության դեպք։

Վարդենիս համայնքի Կարճաղբյուր բնակավայրի լճի ափամերձ հատվածում գիշերը՝ ժամը 22։00-ի սահմաններում, նկատվել է լճից դուրս եկող ձկնորսական նավակ։

Որսագողերը դիմել են փախուստի՝ դեպքի վայրում թողնելով ռետինե նավակ, որում առկա է եղել 560 հատ, ընդհանուր քաշով 207 կգ սիգ տեսակի ձուկ։ Ձկնապաշարին հասցված վնասը կազմել է 1.035.000 դրամ։

Նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։

Ընթանում են իրավախախտների հայտնաբերման աշխատանքներ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print