Հայաստանը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը․ ԱԳՆ-ի արձագանքը Ալիևի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը չի կայանա, քանի որ հայկական կողմը հանդիպմանը համաձայն է պայմանով, որ դրան մասնակցի նաև Ֆրանսիայի նախագահը:Այս մասին տեղեկացնում է «Արմենպրեսը»-ը՝ հղում անելով ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանին։

«Ցանկանում ենք հիշեցնել, որ նախորդ հանդիպումը Պրահայում, որտեղ հենց ձեռք է բերվել հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն, տեղի է ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի»,–նշել է Հունանյանը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն։

Ինչ վերաբերում է նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում Ադրբեջանին փոխանցած խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական առաջարկներին՝ Հունանյանը նշել է, որ այս պահի դրությամբ խաղաղության պայմանագրի հետ կապված հայկական առաջարկներին Ադրբեջանը չի պատասխանել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալիևը չեղարկել էր Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին կայանալիք հանդիպումը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print