Գրիգորյանն ու Զոհուրին խոսել են Հայաստանի և Իրանի միջև երկաթգծի գործարկման հեռանկարների մասին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին, տեղեկությունը փոխանցում են ՀՀ Կառավարությունից

«Փոխվարչապետը կարևորել է բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը և շնորհակալություն հայտնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ծավալած ագրեսիայի վերաբերյալ Իրանի կողմից հնչեցված հասցեական հայտարարությունների համար»,-նշվում է հաղորդագրությունում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի առանցքային հարցերը, մասնավորապես համագործակցությունը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում: Առանձնակի շեշտվել է տարածաշրջանային տրանսպորտային կապերի հնարավոր ապաշրջափակման պարագայում Հայաստանի և Իրանի միջև երկաթգծի գործարկման կարևորությունը և դրա ներքո համագործակցության ընդլայնման հեռանկարները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Իրանում կազմակերպել Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի փոխըմբռնման հուշագրի կետերի կատարման ընթացքին հետևող հանձնախմբի նիստը, որի ընթացքում առավել մանրամասն կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print