Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում մրցեցին B խմբում ընդգրկված Ուելսի եւ Իրանի հավաքականները։ Ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ 2:0 հաշվով հաղթեցին իրանցիները, տեղեկացնում է news.am-ը։
15-րդ րոպեին Իրանի հավաքականի եւ բելգիական «Շառլեռուայի» 26-ամյա կիսապաշտպան Ալի Գոլիզադեն հրավեց մրցակցի դարպասը, սակայն հանդիպման գվատեմալացի մրցավար Մարիո Էսկոբարը VAR-ի հուշումից հետո գրանցեց խաղից դուրս վիճակ։
86-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար տուգանային հրապարակից դուրս թույլ տված խախտման համար հեռացվեց Ուելսի թիմի եւ անգլիական «Նոթինգեմ Ֆորեսթի» 35-ամյա դարպասապահ Ուեյն Հենեսին։
Թվային առավելությունը Իրանի հավաքականը գոլի վերածեց ավելացված 9-րդ րոպեին։ Աչքի ընկավ իրանական «Էստեղլալի» 29-ամյա պաշտպան Ռուզբե Չեշմին։ Ավելացված 11-րդ րոպեին Իրանի թիմի երկրորդ գոլը խփեց իրանական «Սպահանի» 32-ամյա պաշտպան Ռամին Ռեզայանը։
Հավելենք, որ Իրանի հավաքակաը 3 միավորով երկրորդն է, Ուելսը վերջինն է՝ 1 միավոր։
Հիշեցնենք՝ առաջին տուրում ուելսցիները 1:1 հաշվով ոչ ոքի էին խաղացել ԱՄՆ-ի հետ, Իրանը 2:6 հաշվով պարտվել էր Անգլիային։
Վերջին տուրում Ուելսի թիմը նոյեմբերի 29-ին կմրցի անգլիացիների, Իրանը՝ ԱՄՆ-ի հետ։