Հունվարի 7-ի դրությամբ՝ Հայաստանում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 651 քաղաքացի, որոնց 94 տոկոսը 0-ից 18 տարեկան երեխաներ են, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը։
Հայաստանը գտնվում է սուր շնչառական վարակների ակտիվ շրջանառության փուլում. սեզոնը սկսվել է 2024 թվականի 40-րդ շաբաթից, հիմա գտնվում ենք 2025 թվականի առաջին շաբաթում ու ակտիվ շրջանառության փուլում։
«Պայմանավորված տոնական օրերին մի փոքր ավելի քիչ դիմելիությամբ՝ այս պահին շաբաթական կտրվածքով ունենք սուր շնչառական վարակներով ու թոքաբորբով դիմելիության նվազում, սակայն կանխատեսվում էր, որ տոներից հետո կլինի բնակչության դիմելիության ավելի ակտիվ շրջան, այդ պատճառով է պայմանավորված ակտիվ փուլը ու, անհրաժեշտության դեպքում, հոսպիտալացումները»,- նշեց նա։
Շաբաթական կտրվածքով՝ շտապօգնության կանչերի նվազում կա, միջին ակտիվություն է։
Հայաստանում այս պահին շրջանառվում են գրիպ A տեսակի H1 ենթատեսակը, շնչառական այլ վարակներից՝ ռինովիրուսն ու կորոնավիրուսային հիվանդության հարուցիչները։
Հայաստանում այս պահին կոկսակի վիրուսով վարակվածներ չկան։ Այն էնտերովիրուսային վարակների խմբին պատկանող սուր վարակիչ հիվանդություն է, որը բնութագրվում է տենդով, բազմաձև կլինիկական ախտանշաններով, դրանք են՝ կենտրոնական նյարդային համակարգի, սրտանոթային, աղեստամոքսային, մկանային, շնչառական ու այլ համակարգերի ախտահարումով։
«Կոկսակի վիրուսի վերաբերյալ համաճարակաբանական դիտարկում չի վարվում, որովհետև դուրս է դիտարկման համակարգի շրջանակներից, սակայն իրականացվում է լաբորատոր հետազոտություն ընդհանուր էնտերովիրուսային վարակների նկատմամբ, որի խմբում է մտնում կոկսակի վիրուսը։ Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է, գաղտնի շրջանը 1-ից մինչև 10 օր է։ Հիվանդությանը բնորոշ ախտանշաններն են՝ թուլությունը, ուժեղ գլխացավը, լորձաթաղանթների բորբոքումը, ցանավորումը, ջերմության բարձրացումը, կարող է արտահայտվել որպես սուր շնչռական վարակ»,- մանրամասնեց մասնագետը։
Նրա հորդորն է՝ պահպանել անձնական հիգիենայի կանոնները, հաճախակի լվանալ ձեռքերը, հազալիս ու փռշտալիս ծածկել քիթն ու բերանը, հատկապես նորածինների խնամքի պարագայում, միրգն ու բանջարեղենը լվանալ հոսող ջրով, նոր օգտագործել։
«Եթե հիվանդ եք, մնացեք տանը, մի զբաղվեք ինքնաբուժությամբ, ժամանակին դիմեք բժշկի»,- խորհուրդ է տալիս Խաչատրյանը։
Մասնագետը կարծում է, որ դիմելիության աճը պայմանավորված է նաև նրանով, որ հորդորները լսվում են, ու մարդիկ ճիշտ ժամանակին են դիմում բժշկի, որ չլինեն ծանր ու շատ ծանր դեպքեր։
Ինչ վերաբերում է մետապնևմավիրուսին՝ մինչ այժմ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում մետապնևմավիրուս չի հայտնաբերվել։
«Այն շնչառական վիրուս է, որը տարածվածության ակտիվ շրջանում է, շատ երկրներում շրջանառվում է հատկապես ձմեռ-գարուն ժամանակահատվածում, մեծամասնության մոտ ախտանշանները լինում են ավելի թեթև, բայց ռիսկի խմբի անձանց՝ մինչև 5 տարեկանների, 65 տարեկանից բարձր անձանց, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց մոտ կարող են առաջանալ բարդություններ, որոնցից են բրոնխիտն ու թոքաբորբը։ Հաշվի առնելով սեզոնն ու սուր շնչառական վարակների ակտիվությունը՝ հորդորն է, որ ժամանակին դիմեք բժշկի, չզբաղվեք ինքնաբուժմամբ, պահպանեք ձեռքերի հիգիենան, մարդաշատ վայրերում կրեք դիմակներ»,- հավելեց Եվգենյա Խաչատրյանը։