Եվրամիության երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել, և սա շատ մեծ դժգոհություններ է առաջացնում: Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք անընդհատ աշխատում ենք, ես մի քանի անգամ հանձնարարականներ եմ տվել ԱԳՆ-ին, ԱԳ նախարարին, մեր մյուս գործընկերներին, որ այս թեմայով զբաղվեն: Ես ուզում եմ վերջերս այս թեմայով մի ունեցած խոսակցության մասին պատմել և մենք պետք է հասկանանք, թե ինչն է նման իրադրության պատճառը: Վերջին հինգ տարիներին Հայաստան-Եվրամիություն ուղևորահոսքը պատիկներով ավելացել է:
Այն հոսքը, որ հիմա կա Հայաստանից դեպի ԵՄ երկրներ, ինձ ԵՄ գործընկերները և պաշտոնյաներն ասում են, որ բոլոր հնարավոր կանխատեսումներից անգամներով ավել է: Այսինքն, իրենք կանխատեսում են, որ մի տարվա կամ մի ամսվա մեջ պիտի 300 մարդու համար վիզայի խնդիր լուծեին, հիմա լուծում են 3000 մարդու համար»,-ասաց նա:
Անդրադառնալով հարցին, թե այս վիճակի պատճառը որն է, Փաշինյանն ասաց. «Ինչի՞ց է, որ մարդիկ սկսեցին այդքան շատ ուղևորվել ԵՄ: Սա մի քանի բանի նշան է։ Ինչքան էլ մեզ քննադատեն, համարեն դա մեր ամենախոցելի տեղը, առաջինը, սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունքն է, որ ինչքան էլ մենք սխալվել ենք, ընկել ենք, ձախողումներ ենք ունեցել, բայց մենք մեր քաղաքացիների համար բացել ենք հնարավորություններ։ Մարդիկ այսօր ասում են՝ ինչի գնանք, ասենք, Ջերմուկում սուրճ խմենք կամ ճաշենք հետ գանք կամ գիշեր մնանք, կգնանք Հռոմ, կգնանք Ֆրանկֆուրտ, կգնանք Բրյուսել, և սրա մեջ չափազանցություն չկա: