Անապահովության գնահատման նոր համակարգի գործարկումը մեկնարկելու է Կոտայքի և Սյունիքի մարզերից

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ, որի համատեքստում առկա են մի շարք  հիմնական գերակայություններ: Մասնավորապես՝ սոցիալական աջակցության հասցեականության ու արդյունավետության բարձրացում,        վարչական տվյալների շտեմարանների բարելավում և փոխգործելիության ապահովում և այլն:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հիշեցրել է, որ նախորդ տարի և՛ գործադիր, և՛ օրենսդիր մարմինների կողմից անհրաժեշտ օրենսդրական փաթեթների ընդունմամբ հիմք է դրվել անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման, ինչպես նաև սոցիալական աջակցության ծառայությունների բարելավման համար: «Նախագիծը բխում է նաև ՀՀ Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, որի համաձայն մենք պետք է երկրում կրճատենք և վերացնենք   ծայրահեղ աղքատությունը, որի հաղթահարման ինստիտուցիոնալ ճանապարհը նոր գնահատման համակարգի ներդրումն է», -ասել է նախարարը:

Որոշմամբ հաստատվել է անապահովության գնահատման կարգը՝ իր բանաձևով, պիլոտային կարգով: «Մենք արդեն հայտարարել ենք, որ Սյունիքի և Կոտայքի մարզերում ենք պիլոտն իրականացնելու: Բացի այդ, մենք նաև 5000 ընտանիքի մասով փորձարկում իրականացրել ենք, և արդյունքները համապատասխանում են նաև մեր սահմանած համակարգին:

 Նոր համակարգով ՝ գործող ընտանեկան նպաստների փոխարեն ներդրվում է անապահովության նպաստ, որը ստանալու իրավունք կտրվի այն ընտանիքներին, որոնց մեկ հաշվարկային անդամի հաշվով ամսական եկամտի չափը ցածր կլինի անապահովության սահմանային շեմից, այսինքն՝ պարենային զամբյուղի արժեքից: Իսկ 2025 թվականի համար, այս նախագծով չափահաս մարդկանց համար սահմանվում է 34 581 դրամ, որը Վիճկոմի տվյալներով՝ 2024 թ. երրորդ եռամսյակի համար հաշվարկված և հրապարակված են նվազագույն պարենային զամբյուղի չափի մասով: Օրինակ, եթե ունենք մեկ չափահաս անձ, որն ունի 0 եկամուտ, իր նպաստը կկազմի 34 581 դրամ: Գործող համակարգում նպաստի միջին չափը 33 000 դրամ է , իսկ այս նոր համակարգով միջին չափը կբարձրանա և կդառնա  49 330 դրամ»,— նշել է Նարեկ Մկրտչյանը:                    

Նոր համակարգով պարտադիր է դառնում աշխատունակ անձանց պարտադիր ակտիվացումը կամ աշխատանքի տեղավորումը: «Այսինքն, եթե աշխատունակ, բայց չաշխատող անձը դիմի նպաստ ստանալու համար, մենք դա միաժամանակ դիտարկում ենք որպես աշխատանք փնտրելու հայտ և փորձում ենք օգնել նրան աշխատանք գտնելու հարցում: Աշխատանքի անցնելու դեպքում   ընտանիքի եկամուտները 12 ամիս չեն հաշվարկվի, այսինքն՝ միանգամից չենք հանի նպաստի համակարգից: Որպեսզի խրախուսենք աշխատանքի ձգտումը ընտանիքների աշխատունակ, բայց չաշխատող անդամներին վերագրելու ենք եկամուտ՝ նվազագույն պարենային զամբյուղի չափով»,- ասել է նախարարը:

Ընտանիքի անապահովության գնահատման արդյունքում որոշվելու է ընտանիքի անապահովության 4 աստիճան՝ ծայրահեղ անապահով, չափավոր անապահով, միջին անապահով և անապահով: Դրանից էլ կախված՝ ընտանիքին հասանելի սոցիալական ծառայությունների փաթեթներ են տրամադրվելու: Դրանք կարող են լինել նպաստի տեսքով, եռամսյա աջակցության, կոմունալ, կրթական ծառայությունների, առողջապահական ոլորտի որոշակի արտոնություններ և այլն: «Ապահովում ենք, որ ծայրահեղ անապահով ճանաչված ընտանիքներն ունենան նվազագույն երաշխավորված եկամուտ՝ նվազագույն պարենային զամբյուղի չափով: Ընդ որում՝ բացառապես խոցելի խնամառու անդամներից բաղկացած ընտանիքները կստանան նաև հավելումներ»,- նշել է Նարեկ Մկրտչյանը և հավելել, որ անապահովության գնահատման նոր համակարգը գործարկվելու է 2025 թ. մարտի 17-ից:

Նախարարը հայտնել է նաև, այդ ընթացքում  ակտիվ իրազեկման աշխատանքներ կիրականացվեն, տվյալները կհավաքագրվեն: Համակարգն աշխատելու է ամբողջությամբ ավտոմատացված, հայտը ներկայացվելու է օնլայն, որից հետո տեղի է ունենալու տվյալների ավտոմատացված հավաքագրում և համադրում: Հաջորդիվ, Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցը, ըստ անհրաժեշտության, տունայց է իրականացնելու և թվայնացված գործիքով գնահատելու է կարիքը: Գնահատված կարիքին համարժեք կառաջարկվեն ծառայություններ և աշխատանք: 

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ աղքատությունը հաղթահարվում է աշխատանքով, եթե քաղաքացին աշխատունակ է, նա պետք է հաղթահարի աղքատությունն իր աշխատանքով: Վարչապետն անընդունելի է համարել այն, որ  չաշխատելու աշխատավարձը կարող է աշխատելու աշխատավարձից ավելի բարձր լինել: «Նման ծրագրերով մենք աշխատանքի նկատմամբ հարգանքը նվազեցնում ենք, մենք վաստակող մարդու արժեքը նվազեցնում ենք: Աղքատությունը հաղթահարում են միայն աշխատանքով, նա, ով չի ուզում աշխատի, աղքատությունն իր ընտրությունն է»,- ամփոփել է երկրի ղեկավարը:    

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print