236 մլն եվրո՝ Սյունիքի նոր ճանապարհային հանգույցի կառուցման համար

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Պայմանագիրը 236 մլն եվրո գումարի չափով է: Նախատեսված միջոցներն ուղղվելու են Սյունիքի մարզում Սիսիանի և Քաջարանի միջև նոր 60 կմ երկարությամբ մեկ երթևեկելի մասի ճանապարհային հանգույցի կառուցման ընդհանուր ծրագրի մի մասի ֆինանսավորմանը։

Ծրագիրը կիրականացվի երեք ենթահատվածներով՝ Հյուսիսային ենթահատված (Հյուսիսային ճանապարհահատված Սիսիանից մինչև Շենաթաղ)՝ 27.1 կմ երկարությամբ, Բարգուշատի թունել՝ 8.6 կմ երկարությամբ, Հարավային ենթահատված` 24.25 կմ երկարությամբ: Ծրագրի շրջանակում կկառուցվեն ասֆալտբետոնե պատվածքով 11.1մ լայնությամբ (այդ թվում` ամրացված կողնակներ), 3 երթևեկելի գոտիներով (3.30մ) ճանապարհ, 4.7 կմ երկարությամբ 27 կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ, որոնցից ամենաերկարը Բարգուշատի թունելն է՝ 8.6 կմ երկարությամբ։

Պայմանագրով սահմանված են նաև բնապահպանական և սոցիալական ազդեցությունների, կլիմայի փոփոխության վրա ազդեցության մեղմացման պահանջներ, ԵՄ հրահանգներին համապատասխանող ճանապարհային անվտանգության միջոցառումներ: Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2033 թ. դեկտեմբերը: Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ տրանսպորտի ներգրավմանը և տուրիզմի զարգացմանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print