Դատարանը հօգուտ ԶՊՄԿ-ի 4 վճիռ է կայացրել՝ 4 տարբեր գործերով․ ԶԼՄ-ի հրապարակած նյութերը իրականությանը չեն համապատասխանում

Iravaban.net-ը շարունակում է մոնիթորինգ անել և հետևել զրպարտության և վիրավորանքի գործերով դատարանում քննվող գործերին, հատկապես նրանց, որոնք վերաբերում են զանգվածային լրատվության միջոցներին։

Այսպիսով, դեկտեմբերի 6-ին նման 4 վճիռ է կայացվել, 4-ն էլ վերաբերում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմինատի կողմից դատարան ներկայացված հայցադիմումներին։ 4-ի դեպքում էլ պատասխանողը «Դատաբլոգ» ընկերությունն է, որի կողմից էլ գործարկվում է Blognews.am կայքը։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկացել է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Նշված գործերով նախագահող դատավոր է նշանակվել Թաթուլ Ղուկասյանը։

4 գործերի դեպքում էլ դատարանն արձանագրել է, որ պատասխանողի կողմից սահմանված դատավարական ժամկետում չի ներկայացվել որևէ հավաստի ապացույց, որով կհիմնավորվեր այն հանգամանքը, որ հոդվածներում առկա տվյալները համապատասխանում են իրականությանը։

Վճռում նշվել է, որ դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ ներկայացված փաստացի տվյալները իրականությանը չեն  համապատասխանում:

Դատարանը 4 գործով հերքման մասով ԶՊՄԿ-ի պահանջն ամբողջությամբ բավարարել է, իսկ փոխհատուցման մասով յուրաքանչյուր գործով պատասխանողին պարտավորեցրել է վճարել 300,000 դրամ, որպես զրպարտություն տարածելու համար փոխհատուցում, 200,000 դրամ՝ փաստաբանի խելամիտ վարձատրություն և 29,000 դրամ պետական տուրքի փոխհատուցում։ Ընդհանուր առմամբ պատասխանողից կբռնագանձվի 2,116,000 դրամ։

Blognews-ից Iravaban.net-ին հայտնեցին, որ վճիռները չեն բողոքարկվելու, սակայն այլ մեկնաբանություն տալուց հրաժարվեցին։

Նշենք, որ «Դատաբլոգ»-ն անգամ գործով ներկայացուցիչ չի ներգրավել։ 

Նշված վճիռները մեկնաբանելու խնդրանքով Iravaban.net-ը դիմել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին։ Մեր հարցմանը պատասխանել է ընկերության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը։

Նա նշել է, որ գործընթացի սկզբում ընկերությունը դիմել է զրպարտչական հոդվածներ կամ հոդվածներում զրպարտչական ձևակերպումներ հրապարակած լրատվամիջոցներին ու խնդրել է հեռացնել դրանք։ 

«Մերժում ստանալուց հետո ստիպված ենք եղել դիմել դատարան։ Արդյունքն ակնհայտ է՝ միայն այս տարի վեց հրապարակում դատարանը համարել է զրպարտչական և պահանջել է հերքում տեղադրել։ 

Մենք համոզված ենք, որ ընկերությանը քաղաքակիրթ ձևով պաշտպանելու մեր սկզբունքով  նպաստում ենք նաև մեր երկրում խոսքի ազատության կայցմանը, քանի որ լրատվամիջոցները խոշոր բիզնեսի մասին կամ առհասարակ՝ հանրությանը հետաքրքրող թեմաներ լուսաբանելիս ավելի պատասխանատու վարկ  կդրսևորեն։ 

Մենք շահագրգռված ենք, որպեսզի ԶՊՄԿ-ի և ընդհանրապես՝ հանքարդյունաբերության մասին  բացառվի  իրականությանը չհամապատասխանող, միֆերն ու կարծրատիպերը խորացնող հրապարակումները։ Սա ոչ այնքան ընկերության ու ոլորտի, որքան երկրի շահերից է բխում»,-նշել է Արայիկ Մարգարյանը։

Ընկերության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետն ընգծել է՝ օրինակները բազմաթիվ են, երբ Հայաստանի թիվ մեկ հարկատուի և հանքարդյունաբերական ընկերությունների մասին տարածվող ապատեղեկատվությունը և զրպարտանքը, Ադրբեջանն օգտագործվում է քարոզչական  նպատակներով և այսօր ասված սուտը վաղը այդ երկիրը ներկայացվում է որպես փաստ, ինչով վնասում Հայաստանի վարկին ու համբավին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայցադիմումներ է ներկայացրել դատարան ու հայտնել, որ «Դատաբլոգ» ընկերությանը պատկանող Blognews.am լրատվական կայքում, ինչպես նաև «Օրագիր Մեդիա» ընկերության կողմից գործարկվող Oragir.News կայքում կոմբինատի պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը արատավորող նյութեր են հրապարակվել։

Այս գործերով ևս ԶՊՄԿ-ն հաղթել է դատարանում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print