«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռևս տարիներ առաջ հայաստանյան բնապահպանական կազմակերպությունների գործունեությանը կարելի էր վերաբերվել որպես գաղափարական պայքարի՝ հանուն երկրի շրջակա միջավայրի պահպանության։ Որոշ դեպքերում իսկապես այդպես էր։ Սակայն վերջին տարիների զարգացումները ցույց տվեցին, որ ինչքան էլ առկա է շրջակա միջավայրի պահպանության ու բարելավման խնդիրը, հայաստանյան բնապահպանական կազմակերպությունների զգալի մասը կենտրոնացած էր ոչ թե իրական խնդիրների բացահայտման, այլ կոնկրետ թիրախային ծրագրերի ու ոլորտների տապալման հարց էր լուծում։
Անցած տարվա ընթացքում ադրբեջանական մամուլում Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունների՝ Քաջարանի, Սոթքի, Ամուլսարի դեմ լայնածավալ մեդիաարշավներ էին կազմակերպվել, որի «գագաթնակետը» եղավ COP29-ի ընթացքում Հայաստանը որպես բնության և շրջակա միջավայրի «թշնամի» ներկայացնելը։ Այս մասին շատ է գրվել։ Հայաստանի դեմ սանձազերծված այս արշավի համար Ադրբեջանը հիմնականում օգտագործում էր հենց հայաստանյան բնապահպանների՝ տարիների ընթացքում արված հայտարարությունները, հաճախ՝ մտացածին։ Այս մասին հիշատակումները հայաստանյան բնապահպանները հաճախ ցավագին են ընկալում՝ թե, իբր, ինչո՞ւ եք մեզ մեղադրում Ադրբեջանին օգնելու մեջ։ Այնինչ, այդ ամենն անտեսել ուղղակի չի կարելի, եթե հաշվի առնենք, որ հայաստանյան մի շարք ՀԿ-ներ այս ամենից հետո էլ շարունակում են նպաստել կասկածելի «միջազգային» կազմակերպությունների՝ լրտեսություն հիշեցնող գործունեությանը Հայաստանում։
Այսպես, ի մասնավորի, չեխական ծագումով «Առնիկա» կազմակերպությունը շարունակում է Ադրբեջանին ուղղակի կամ անուղղակի մատակարարել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի մասին իբր «գիտական» տվյալներ։
Ավելի մանրամասն թերթի այսօրվա համարում։