Բնապահպանական շարժումների մեծ մասի հետեւում քաղաքական շահեր են թաքնված

Օրերս ԶՊՄԿ 70-ամյակին և ընկերության կայուն զարգացման առաջին զեկույցի ներկայացմանը նվիրված կոնֆերանսի ժամանակ անդրադարձ կատարվեց նաև Հայաստանում բնապահպանական շարժմանը, տեղեկացնում է hayeli.am-ը։

Սովորաբար բնապահպանական-ակտիվիստական շարժումները ներկայացվում են դրական լույսի ներքո, ու սրա արդյունքում տարատեսակ շարժումների անդամներն ու մասնակիցները ընկալվում են, որպես ազնվության խորհրդանիշներ։

Միջոցառման քննարկման մասնակիցներից Պոլիտեխնիկական համալսարանի դասախոս Հայկ Ակարմազյանը ընդգծեց, որ բնապահպանը մասնագիտություն է, մինչդեռ Հայաստանում հաճախ փորձագիտական կարծիքը ստվերվում է հանրային կարծիք արտահայտող ոչ մասնագետ մարդկանց տեսակետով։ «Մենք մի կողմից ունենք մարդիկ ովքեր 4 տարի սովորում են բակալավրիատում, այնուհետև մագիստրատուրայում։ Այս ընթացքում պաշտպանում են մի քանի ատենախոսություններ, ավարտում են ասպիրանտուրան ու ստանում գիտական կոչում։ Տասնյակ տարիներ դասավանդելուց հետո դառնում են պրոֆեսոր և նոր կարողանում են փորձագիտական կարծիք արտահայտել։ Բայց մյուս կողմում ունենք մարդիկ, ովքեր մի քանի անգամ որևէ թեմայի մասին հրապարակային կարծիք են արտահայտում և իրենց հռչակում են «բնապահպան» կամ «փորձագետ»։ Դա նույնիսկ իրենք չեն անում, այլ հանրությունն ու լրագրողները։ Այսինքն կա ակադեմիական շրջանակ, որի ներկայացուցիչները կարծիք են հայտնում քննարկված կոնսեսուսի արդյունքում, իսկ մյուս կողմում կան մարդիկ, ովքեր «փորձագիտական» կարծիք են հայտնում՝ հենվելով իրենց կյանքի փորձի կամ կարդացած վերջին ինֆորմացիայի վրա։ Այսպիսով, ոլորտի մասին ձևավորվում է հանրային սխալ ընկալում»։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը և այլք


Նույն քննարկման ընթացքում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյան արձագանքելով հնչած տեսակետին՝ նշեց, որ խնդիրները կլուծվեն, երբ իրական փորձագետները ավելի ակտիվ լինեն: «Ցավոք շատ աղմկահարույց դեպքերում լուրջ փորձագետները գերադասում են լռել, որովհետև դա իրենց վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն է բերում: Ես կոչ եմ անում իրական փորձագետներին ակտիվ լինել, դաշտը լցնել ճիշտ գնահատականներով»:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը և ԶՊՄԿ Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը

Պատգամավորն, անդրադառնալով հանքարդյունաբերության մասին միջազգային ստանդարտներին, հիշեցրեց Ամուլսարի ծրագիրը։ «Մենք ամենաաբսուրդային իրավիճակը ունեցանք այն ժամանակ երբ Հայաստան եկավ մի ներդրող, որը պետք է բերեր լրիվ նոր ստանդարտներ ու պետք է սահմաներ լրիվ նոր նշաձող։ Դա մի ընկերություն էր, որի ընդերքօգտագործման և բնապահպանական ստանդարտներն ավելի բարձր էին, քան պահանջում է ՀՀ օրենսդրությունը և ազգային նորմատիվները։ Ամենամեծ բնապահպանական ալիքը բարձրացավ հենց այդ ընկերության դեմ»:
Արձագանքելով այս դիտարկմանը, միջոցառման վարող, լրագրող Արա Թադեւոսյանը պնդեց, որ հակազդեցությունը իրականում «բնապահպանական» չէր եւ բնապահպանական շղարշը շատ հաճախ օգտագործվում էր այլ նպատակներ քողարկելու համար։

Սրան արձագանքեց Ամուլսարը շահագործել ցանկացող Լիդիան ընկերության նախկին ղեկավար կազմից, իսկ այժմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը, նշելով, որ հանքարդյունաբերությունն այն ոլորտն է, որը միշտ ունի հակառակորդներ։
«Այսպիսի իրավիճակներում որոշում կայացնողները պետք է կամք ունենան։ Ամեն ինչ շատ պարզ է՝ եթե մարդիկ գործում են օրենքով, ապա գործընթացին պետք է ներգրավվի որոշում կայացնողը և միգուցե ձեռքը խփի սեղանին: Այստեղ պետք է որոշում կայացնողը` գործադիրը մասնավորապես, իր խոսքը ասեր և պաշտպաներ պատասխանատու ներդրողին, ու դա է նրա հիմնական ֆունկցիան, բանաձևը շատ պարզ է: Միգուցե դրա կիրառումը, իրագործումը այնքան հեշտ չէ, որքան ես ներկայացրի, բայց միանշանակ դա հնարավոր է»։
Ակնարկն ավելի քան թափանցիկ էր և վերաբերում էր Ամուլսարի հարցում իշխանության որոշում կայացնելու անկարողությանը։ Դա, ըստ Արմեն Ստեփանյանի դրանից տուժել է Հայաստանը, քանի որ պատասխանատու ներդրողին անորոշ վիճակի մեջ պահելով և նախագիծը տապալելով մեծ վնաս է հասցվել ոլորտին և պետության հեղինակությանը։
«Պետք է ընդունենք որ մեծ վնաս է հասցվել և բոլորս պետք է աշխատեն այդ վնասը, ինչ-որ ձև փոխհատուցել: Եվ այդ դեպքում պատասխանատու ներդրողները կգան, ու ոչ պատասխանատու հանքագործներին կպարտադրեն բարձրացնել իրենց չափորոշիչները և գործել ավելի պատասխանատու։ Այդ ժամանակ շղթայական կապը կսկսի առողջ և օրգանական գործել: Այս պահի դրությամբ շահագործող-ներդրող շխթան ի վնաս երկրի է գործում: Եվ դրա միակ պատճառը 4 տարի առաջ տեղի ունեցած և մինչև հիմա շարունակվող գործընթացն է»։

Բնապահպանական շարժման «ամբողջական ուղղորդված ու ոչ անկեղծ» լինելու պնդման հետ չհամաձայնվեց «Լիչքվազ» հանքարդյունաբերական կազմակերպության ներկայացուցիչ Վահրամ Ավագյանը։
«Ամուլսարի նախագծի դեմ բարձրացած ալիքի պատճառը, ամենայն հավանականությամբ շատ ավելի բարդ է, քան ներկայացվեց։ Լայնածավալ հանրային ընդվզումն ընդամենը ինչ-որ խմբակների նեղ կոռումպացված շահերով ներկայացնելը պարզունակեցնում է իրավիճակը։ Բոլորիս էլ այս կամ այն չափով հասկանալի է, որ այդ ընդվզման ենթատեքստը հանրային անվստահությունն էր պետական համապատասխան ինստիտուտների նկատմամբ, որը մեկ օրում չէր ձևավորվել: Մասնավորապես վերահսկող ինստիտուտների նկատմամբ և պետական դրական փորձաքննական եզրակացությունը, պետական վավերացման ընդերքօգտագործման իրավունքը, նմանատիպ փաստաթղթերը հանրային վստահություն չունեին»:
Պատգամավոր Բաբկեն Թունյանը պնդեց իր եւ քննարկման մյուս մասնակիցների տեսակետը, որ Ամուլսարի դեմ շարժումը ուղղորդված էր։ «Հանքարդյունաբերության շուրջ միշտ էլ լինելու են զարգացումներ, դժգոհություններ, տարբեր կարծիքներ։ Ամենևին զարմանալու չէ, որ մեր թեման Ամուլսարի խնդիրների քննարկման ուղղությամբ գնաց, որովհետև Ամուլսարի թեման ամենացցուն օրինակն է: Ես ուզում եմ ասել, որ այդտեղ գործ ունենք ոչ թե ազնիվ բնապահպանական մղումների, այլ ուղղորդված քարոզարշավի հետ։ Ես ընդունում եմ որ միգուցե այդ ժամանակ կառավարությունը կամ օրենսդիր իշխանությունը բավականին կոշտ չի գտնվել, ես ընդունում եմ որ կային իշխանության, պետական մարմինների նկատմամբ վստահության խնդիրներ։ Բայց պետք է ընդունել նաև, որ խնդիրների մեծ մասը գալիս էր հենց ոլորտի ներսից՝ եթե ոլորտի ընկերությունները իրար հետ ներդաշնակ աշխատեին, այլ ոչ թե հակառակը, մենք, հնարավոր է, իրավիճակի այլ հանգուցալուծում կարող էինք ունենալ»:
Բանավեճը ամփոփվեց վարողի պնդմամբ, որ բնապահպանական շարժումը իրականում քաղաքականացված էր, եւ դա է խնդիրների հիմքը։ Դահլիճից հարցեր չհնչեցին, եւ այդպես էլ պարզ չդարձավ՝ արդյոք միջոցառմանը մասնակցում էին ակտիվիստներ, որոնք այս ձեւակերպումների հետ համաձայն չէին, եւ կամ արդյոք դահլիճում բոլորը համաձայն էին պնդումների հետ, որ Հայստանում բնապահպանական շարժումների մեծ մասի հետեւում քաղաքական շահեր են թաքնված։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print