Ժամանակի ընթացքում Հարավային Կովկասի երկրներն ինքնուրույն կլուծեն տարածաշրջանային խնդիրները։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով «3+3» ձեւաչափի արդիականությունը, որում ընդգրկված են Ռուսաստանը, Հայաստանը, Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան եւ Վրաստանը, որը չի մասնակցում հանդիպումներին։
Նրա խոսքով՝ այդ ձեւաչափը առավել արդյունավետն է տարածաշրջանում հարցերի լուծման համար։ Լավրովը ընդգծել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացին ԱՄՆ եւ ԵՄ միջամտելու փորձերը միայն բարդացնում են այն։
«Երբ երկրները, որոնք հեռու են մեր տարածքներից, ավանդույթներից եւ պատմությունից, հայտնում են, որ կապահովեն անվտանգությունը Սյունիքի մարզում, դա հարցեր է առաջացնում։ Օրինակ՝ ես այնքան էլ չեմ հասկանում, թե ինչպես կարող է Եվրամիության առաքելությունը նման խնդիր կատարել»,- նշել է նախարարը։
Նա նաեւ ուշադրություն է հատկացրել Բրյուսելի եւ Վաշինգտոնի՝ իրենց մասնակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին ցուցադրելու ձգտմանը։
«Հիմա էլ ես լսել եմ, թե իբր Ադրբեջանը եւ Հայաստանն արդեն գրեթե պայմանավորվել են խաղաղության պայմանագրի շուրջ։ Եվ հասկանալի է, որ երկու մնացող հարցեր կան, այնտեղ դժվար է դրանք շրջանցել։ Եվ հենց այստեղ էլ Եվրահանձնաժողովը, Եվրամիությունը սկսում են խոսել, թե մենք հիմա կգանք, ձեզ կօգնենք։ Դա Ադրբեջանի, Հայաստանի ինքնիշխան որոշումն է, թե որտեղ ստորագրեն փաստաթուղթը, երբ այն համաձայնեցվի։ Բայց Բրյուսելի եւ Վաշինգտոնի ձգտումը նույնպես՝ ինչ-որ կերպ ցույց տալ, որ այդ իրենք են ամեն բան արել… Այսպիսի ասացվածքներ կան, դրանք այնքան էլ պարկեշտ չեն, բայց ահա ամեն տեղ ուզում ես ցույց տալ, որ տերը դու ես»,- ասել է նա։