Այն երկրներում, որտեղ ներդրվել է աշխատաժամանակը կրճատելու հնարավորությունը, այդ երկրներում արտադրողականությունը բարձր է, անգամ արդյունաբերության ոլորտի արտադրողականությունն է բարձր: Այդ մասին, այսօր՝ հունվարի 15-ին, 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նրա ներկայացմամբ, խոսքն անձնական կյանքի և աշխատանքի հավասարակշռման, աշխատանքից բավարարվածություն ստանալու, հոգեբանական խնդիրներից խուսափելու, աշխատանքային մոտիվացիայի բարձրացման հնարավորության մասին է:
Ըստ նախարարի՝ երկրներ կան, որոնք արդեն իսկ անցել են աշխատաժամանակի փոփոխությանը, և միջազգային փորձը ցույց է տվել, որ աշխատանքի արտադրողականությունը բարձրացել է աշխատաժամանակի՝ 8 ժամից 7 ժամ դառնալու արդյունքում: Աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու մյուսը միջոցը, ըստ Մկրտչյանի, աշխատանքային օրերի կրճատումն է 5-ից 4-ի:
«Սա նախագիծ է, դրել ենք հանրային քննարկման: Որոշում չէ, պետք է դեռ քննարկենք, պետք է քննարկենք ոլորտի ներկայացուցիչների, Կառավարության մեր գործընկերների, քաղաքացիական հասարակության հետ և կգտնենք ընդհանուր եզրեր»,- ասաց նա: