Մեզ ու ադրբեջանցուն մի փողոց է բաժանում. Շուռնուխի գյուղապետ

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի դպրոցն ադրբեջանցիների նշանառության տակ է, թշնամին հեռադիտակով կարողանում է դիտարկել դպրոցը:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը հայտնեց, որ չնայած սրան՝ դպրոցը բնականոն գործում է, երեխաներն էլ գալիս են դասի.

«Իրենց պոստից մինչև դպրոց մոտ 800 մ է:Ոնց մենք անզեն աչքով կարող ենք իրենց պոստը տեսնել, այդպես էլ իրենք՝ դպրոցը, ինչպես նաև ամբողջ գյուղը տեսնել: Բայց դպրոցը նորմալ աշխատում է, միայն սեպտեմբերի 13-ից հետո մի քանի օր հեռավար էին դասերը, բայց հիմա երեխաները նորմալ գալիս են դպրոց»,-ասաց Արշակյանը:

Շուռնուխի գյուղապետը նշեց, որ գյուղում, ընդհանուր առմամբ, կյանքը բնականոն հունով շարունակվում է, սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բնակիչներն ընդամենը մի քանի ժամով տարհանվել էին, բայց հիմա վերադարձել են գյուղ ու իրենց առօրյա կյանքով են ապրում:

Հակոբ Արշակյանը հայտնեց, որ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով գյուղում բնակարաններ չեն վնասվել. «Մեզ մոտ հրաձգություն չի եղել»,-հավելեց նա:

Հարցին՝ ի՞նչ տրամադրվածություն ունեն գյուղի բնակիչները, ի՞նչ անհանգստություններ կան նրանց մոտ՝ Հակոբ Արշակյանն ասաց. «Միայն անուղեղ մարդը չի վախի, ով գիտակցում է՝ ինչ է կատարվում, հասկանում է, որ իրեն ու ադրբեջանցուն մի փողոց է բաժանում, բնականաբար, կանհանգստանա, ադրբեջանցին այն ազգն է, որից ամեն ինչ սպասելի է»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print