Պատերազմից առաջ հայկական բնապահպանական ՀԿ-ների գործունեությունը եւ տարատեսակ ակտիվիստական շարժումները կարելի էր համարել հայրենասիրական` նրանք մեր երկրի էկոլոգիական վիճակի մասին էին հոգ տանում: Հետո, իհարկե, որոշ բացահայտումներ եղան, որ աղմկահարույց մի շարք ակցիաներ եւ դրանց առաջնորդները ֆինանսավորվել են ոչ այնքան ազնիվ նպատակներ հետապնդող կառույցների եւ անձանց կողմից։ Օրինակ, ոմանք այլեւս ապացուցված են համարում, որ Ամուլսարի դեմ մղվող պայքարում ներգրավված մարդկանցից ոմանք ուղղակի կամ անուղղակի ձեւով ստացել են հրահանգներ ու գործողությունների ծրագիր եւ վարձատրվել դրանք կատարելու համար։ Թե ինչ տեղի ունեցավ Ամուլսարի ծրագրի հետ՝ հայտնի է, բայց դեռեւս հստակ հաշվարկված չէ, թե որքան ֆինանսական եւ հեղինակության վնաս կրեց պետությանը։
44-օրյայից՝ հիբրիդային
Ադրբեջանը Հայաստանի տնտեսության դեմ պատերազմը սկսել էր դեռ 44-օրյա պատերազմից առաջ եւ շարունակում է մինչ այժմ, թիրախավորելով հատկապես մեր տնտեսության երկու ճյուղերը՝ էներգետիկա եւ հանքարդյունաբերություն։ Առաջինն ապահովում է տնտեսության զարգացումը, իսկ երկրորդը՝ կայուն եկամուտներն ու արտարժույթի մուտքը երկիր։ Մեր տնտեսության լոկոմոտիվի եւ ողնաշարի դեմ պայքարն իրականացնում է բնապահպանական լոզունգներով ու դրոշակներով։ Այս մեթոդը Բաքվին երկու մեծ հաղթանակ արդեն իսկ բերել է՝ կեղծ էկոակտիվիստների միջոցով Կաշենի հանքավայրի դեմ սկսված պայքարն ի վերջո հանգեցրեց Լաչինի միջանցքի փակմանը, ընդհուպ մինչեւ Արցախի հայաթափմանը, իսկ Երասխում նախատեսված մետալուրգիական գործարանի կառուցման կասեցումը սկսվեց բնապահպանական լոզունգներով եւ վերջնական ավարտին հասցվեց կրակոցներով։
Այս «հաջողված» պատմությունները, բնականաբար, մեծապես ոգեւորեցին Ադրբեջանին, որ ավելի ակտիվացնի հայկական հանքարդյունաբերական նախագծերի դեմ պայքարը։ Նրանք սատկած ձկների վտառների եւ աղետալի աղտոտված գետի լուսանկարներն ու տեսանյութերն ամենօրյա ռեժիմով տարածում էին համացանցում։ Այդ կեղծ տեղեկությունների համաձայն՝ «էկոցիդի» (Հայաստանի մասին խոսելիս այս տերմինն առաջին անգամ կիրառել է Ալիեւը) մեղավոր էին հռչակել Սյունիքում գտնվող հանքերը (Քաջարանի, Ագարակի եւ Կապանի)։ Ադրբեջանական քարոզչությունը տարբեր լեզուներով ու տարբեր առիթներով կրկնում էր նույն թեզը՝«հայկական հանքերն աղտոտում են Ողջի գետը», իսկ «Մեծամորի ատոմակայանը ռադիոակտիվ նյութերով աղտոտված ջուրը լցնում է Արաքս գետը»։
Ինչպե՞ս մերոնք օգնեցին Ադրբեջանին
Հայաստանցի բնապահպանները, որոնք տարածաշրջանում ամենասկզբունքայինի, ամենաագրեսիվի ու ամենահնարամիտի համբավն էին վայելում, որեւէ ձեւով չխոչընդոտեցին ադրբեջանական ծրագրերին։ Ակնկալվում էր, որ բնապահպանության թեմաներով կայացած ու ձեւավորված հասարակական սեկտորը պատերազմից հետո կգործի միասնական ու կօգտագործի իր միջազգային կապերը եւ աշխարհին կապացուցի, որ նավթարդյունաբերության հետեւանքով աղետալի բնապահպանական հետագիծ ունեցող Ադրբեջանն ամենեւին էլ մտահոգված չէ ձկների ճակատագրով, այլ ցանկանում է Հայաստանին զրկել իր եկամուտների հիմնական աղբյուրից։ Տրամաբանական ակնկալիք կար, որ մերոնք կրեատիվ ակցիաներով, ինչպիսիք իրականացնում էին Թռչկանի ջրվեժի, էլեկտրիկ Երեւանի, Մաշտոցի այգու, Ամուլսարի ակցիաների ժամանակ, ջրի երես կհանեն այս պարզունակ խաղի շղարշը եւ կբացահայտեն իրականությունը։ Սակայն ամեն ինչ հակառակ ուղով գնաց։ Բնապահպանական ճակատում ակտիվ գործող կազմակերպություններն ու անհատները չգիտակցեցին, որ իրավիճակ է փոխվել, եւ 2018-ից առաջ կիրառվող լեքսիկոնն ու պայքարն այժմ հենց հարեւան թշնամական պետությունների շահերից են բխում, նրանք նախկին էնտուզիազմով շարունակում էին հայկական հանքարդյունաբերությունը քննադատող հարցազրույցներ տալ, որոնք երբեմն հայտնվում էին նաեւ BAKU TV-ում: Նրանք Ամուլսարի նախագծի դեմ հավաքական հայտարարություններ էին տարածում, որոնք ողջունում էին Ալիեւի մոտ բնապահպան աշխատող եւ Արցախի հայաթափման ծրագիրն իրականացնող կազմակերպությունները։
Հայաստանի դեմ իրականացվող այս հիբրիդային պատերազմի կամա թե ակամա մասնակիցներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար Ադրբեջանը պետք է դրսի պրոքսիներ ներգրավելու պահանջ ունենար։ Այս տրամաբանության մեջ են տեղավորվում չեխական «Առնիկա» կազմակերպության մասին մեր հնչեցրած մտահոգությունները։
Հիշեցնենք, որ Չեխիայում գրանցված բնապահպանական կազմակերպությունը 2018 թվականից ծրագրեր է իրականացնում Հայաստանի հանքարդյունաբերական բնակավայրերում։ Այս ընթացքում կազմակերպությունն իր հայաստանյան գործընկերներ «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» եւ «ԷկոԼուր» ՀԿ-ների հետ կենսաբանական նմուշներ է հավաքագրում բնակիչներից, տեսանկարահանումներ է իրականացնում ստրատեգիական օբյեկտներում (ձեռնարկություններ, պոչամբարներ, ավազաններ) եւ այդ տեղեկությունն անխոչընդոտ երկրից դուրս է հանում, իսկ թե ում է փոխանցում՝ անհայտ է։
Թվում էր, թե այսքան տեսանելի հիբրիդային պատերազմից հետո մերոնք առնվազն ավելի շրջահայաց պետք է լինեն։ Սակայն գրանտն ավելի կարեւոր է։ Այս տարեսկզբին հայտնի դարձավ, որ նույն կազմակերպության աջակցությամբ ու նույն հովանավորի միջոցներով փորձ է արվում տեղեկություններ հավաքել Հայաստանի ամենազգայուն հատվածի՝ Սյունիքի վերաբերյալ։
Կասկածելի է նաեւ այն հանգամանքը, որ «Առնիկան» իր բավական երկար կենսագրության ընթացքում երբեւէ որեւէ ծրագիր չի իրականացրել Ադրբեջանում կամ Թուրքիայում, ինչպես նաեւ այն, որ Հայաստանում տարիներ տեւած հետազոտությունները ֆինանսավորում է Չեխիայի ԱԳՆ-ն։ Չլսված բան է, որ մի երկրի արտաքին հարաբերությունների գործառույթ ունեցող գերատեսչությունը ֆինանսավորում է օտար երկրում բնապահպանական երկարաժամկետ նախագիծ։ Հետաքրքրական է, որ Հայաստանի հանքարդյունաբերական ճյուղի բնապահպանական ազդեցությամբ հետաքրքրված «Առնիկային» ու դրա հովանավորներին չեն մտահոգում Ադրբեջանի նավթարդյունաբերության եւ հանքարդյունաբերության հետեւանքները։ Սակայն հայ բնապահպանները, թերեւս հերթական դրամաշնորհի ակնկալիքով, շարունակում են տվյալներ տրամադրել կասկածելի նպատակներ ունեցող կազմակերպություններին, եւ կամաց-կամաց փոքրանում է հույսը, որ մերոնք ավելի շատ դյուրահավատ են, այլ ոչ թե կոլաբորացիոնիստներ։