Անդրազգային հանցավոր կազմակերպության անդամները հափշտակել են խոշոր ֆինանսական միջոցներ. ՔԿ

Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ 2022 թվականի մարտից 2023 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստեղծել և ղեկավարել են անդրազգային հանցավոր կազմակերպություն՝ իրականացնելով առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն: Հանցավոր կազմակերպության կազմում ներգրավվել է առնվազն 144 անդամ, այդ թվում՝ անչափահասներ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։

«Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հանցավոր կազմակերպության մեջ ներգրավված անձինք ստեղծել և ուղղորդել են կեղծ բովանդակությամբ համացանցային կայքեր, սոցիալական ցանցերում իրականացրել են գովազդներ, վարձակալել են գրասենյակային տարածքներ, հանցավոր գործունեությունը քողարկելու նպատակով հաճախակի ստեղծել և փոփոխել են մտացածին ընկերությունների անվանումները և դրամական փոխանցումներ կատարելու համար կիրառվող բանկային հաշվեհամարները, կիրառել են արտասահմանյան վիրտուալ հեռախոսահամարներ, պոլիգրաֆ սարքով իրականացրել են նոր ներգրավվող աշխատակիցների ստուգումներ, աշխատակիցների տվյալների բացահայտումից խուսափելու համար նրանց տվել են կեղծանուններ և հերթական համարներ, հրահանգավորել են հնարավոր խնդիրների դեպքում համապատասխան վարքագծի կանոնների վերաբերյալ, տեղադրել և գործարկել են էլեկտրոնային տվյալների և այլ կրիչների ոչնչացման մեխանիզմներ:

Այսպիսով, հանցավոր կազմակերպության անդամները կապ հաստատելով հիմնականում եվրոպական երկրների բնակիչների հետ և ներկայանալով որպես արհեստական բանականությամբ գործող հեղինակավոր ու մեծ եկամուտներ ապահովող միջազգային ներդրումային ընկերության աշխատակիցներ՝ կատարել են համակարգչային հափշտակություններ:

Կազմակերպության անդամները տուժողներին մոլորեցնելուց և նրանց վստահությունն ամրապնդելուց հետո վերջիններիս ուղղորդել են տարբեր չափերի գումարներ փոխանցել իրենց կողմից կառավարվող հաշվեհամարներին:

Արդյունքում, հանցավոր կազմակերպության անդամները ստացել են օտարերկրացի 1404 տուժողի՝ առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 810 մլն 71 հզր 577 ՀՀ դրամի ֆինանսական միջոցները տնօրինելու և օգտագործելու իրական հնարավորություն:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print