Արտադպրոցական կրթության ոլորտում 2023 թվականից ներդրել ենք կամավոր ատեստավորման մեխանիզմները, և առաջին անգամ այս ոլորտում իրականացրել ենք կամավոր ատեստավորման գործընթաց: Այդ մասին Կառավարության՝ հունվարի 23-ի նիստին հիշեցրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով ոլորտին առնչվող կամավոր ատեստավորման արդյունքները:
«Արդեն իսկ կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն են ստացել սպորտի ոլորտում 12 մարզաձևերի ներկայացուցիչներ՝ ծանրամարտ, բռնցքամարտ, ատլետիկա, բասկետբոլ, դահուկավազք, հրաձգություն, սեղանի թենիս, կարատե, ազատ ոճի ըմբշամարտ, հունահռոմեական ըմբշամարտ, սամբո, ձյուդո, այս ուղղության մարզիչները, և արվեստի ոլորտում 8 ուղղություններով՝ դաշնամուր, երաժշտության տեսություն, ազգային նվագարաններ, փողային, լարային նվագարաններ, դասական լարային գործիքներ, կերպարվեստ և կիրառական արվեստ:
Պետք է նշեմ, որ 2024-ին 465 մանկավարժ և մարզիչ մասնակցել է՝ նախորդ տարվա [2023] ցուցանիշներից մոտ երկու անգամ ավելի: Եվ այս պահին արդեն 206 ատեստավորված մասնագետ ունենք այս ոլորտում, որոնք ստանում են ֆիքսված հավելավճար պետական բյուջեից՝ 60 հազար, 80 հազար, 100 հազար դրամի չափով՝ կախված արդյունքներից»,- ասաց նախարարը: