Առաջարկվում է Ասիական զարգացման բանկի կողմից ներգրավել 45,3 մլն եվրո արժողությամբ վարկ արդյունքահեն վարկավորման (RBL) ծրագրով: Վարկային միջոցները բաշխված կլինեն տարիների միջև: Սա նշանակում է, որ մինչև 2028 թվականը պետք է կարողանալ ապահովել արդյունքային ամեն ցուցանիշի դրական ելքը, և միայն այդ պարագայում հաջորդ տարվա ընթացքում վարկային միջոցները կտրամադրվեն: Այդ մասին Կառավարության՝ հունվարի 23-ի նիստին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ արդյունքային ցուցանիշները 7-ն են:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է առողջապահական ծառայությունների հաշվետվողականության թվայնացում, բուժհաստատությունների լիցենզավորում, առողջապահական ոլորտի մարդկային կապիտալի զարգացում, հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացում, էլեկտրոնային առողջապահության գործիքակազմի ապահովում:
Ծրագրի շրջանակում կվերականգնվեն և կկառուցվեն նաև առողջապահական հաստատություններ: Նախատեսվում է 24 ամբուլատորիաների, պոլիկլինիկաների կառուցում և վերահսկում՝ ըստ էներգախնայողության և համապատասխան ստանդարտների:
Թվայնացման գործիքների բարելավման մասով նախատեսվում է որակի կառավարման համակարգի թվայնացում, պատմագրերի և ներմուծվող ինֆորմացիայի թվայնացում, որոնց հիման վրա կիրականացվի հաշվետվողականություն և ֆինանսավորում: