Ալեն Սիմոնյանն ընդունել է եվրոպացի խորհրդարանականների պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 23-ին Ազգային ժողովում ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների ձևաչափի (Nordic-Baltic) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների ղեկավարած պատվիրակությանը: Հյուրընկալված պատվիրակության կազմում էին Էստոնիայի Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարը, Լատվիայի Սայեմայի խոսնակ Դաիգա Միերինյան, Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ Յուսսի Հալլա-Ահոն, Նորվեգիայի Ստորթինգի նախագահ Մասուդ Ղարահխանին, Դանիայի Ֆոլկետինգի փոխխոսնակ Կարստեն Հոնգեն, Լիտվայի Սեյմասի փոխխոսնակ Յուոզաս Օլեկասը, Շվեդիայի Ռիկսդագի նախագահի տեղակալ Քենեթ Ֆորսլունդը և բազմաթիվ այլ պաշտոնյաներ:

Ընդլայնված կազմով տեղի ունեցած քննարկմանը, որին մասնակցել են նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ, Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Հայաստան ժամանած պաշտոնյաներին՝ նշելով, որ այսպիսի բարձրագույն կազմով պատվիրակության այցը շատ կարևոր է Հայաստանի Հանրապետության համար. «Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորապես գնահատում եմ բոլոր պատվիրակությունների Հայաստան այցելելու հանձնառությունը՝ մեր երիտասարդ ժողովրդավարությանն աջակցելու համար: Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ձևաչափի յուրաքանչյուր երկրի հետ իր հարաբերություններին՝ թե՛ որպես երկկողմ գործընկերներ, թե՛ որպես Եվրամիության անդամներ կամ ասոցացված երկրներ: Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ժողովրդավարական բարեփոխումների իր հանձնառությանը, որն էական նշանակություն ունի կայուն զարգացման, լավ կառավարման, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ոլորտում առաջընթացի համար: Մենք երախտապարտ ենք բարեփոխումների հարցում ձեր շարունակական աջակցության համար»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների ձևաչափի խորհրդարանների նախագահներն ու փոխնախագահներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Ալեն Սիմոնյանին ջերմ ընդունելության համար ու նշել, որ տպավորված են Հայաստանով: Վերջիններս իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանը և նշել, որ բարձր են գնահատում Հայաստանի՝ տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելու ջանքերը: Նրանք նաև շեշտել են Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման գործընթացին սատարելու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ պատրաստ են իրենց ներդրումն ունենալ այդ ճանապարհին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջխորհրդարանական համագործակցությանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, Հայաստանում ընթացող բարեփոխումներին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող այլ հարցերի:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print