Հայաստանի եւ Հնդկաստանի համագործակցությունը «Հյուսիս-Հարավ» միջանցքի ստեղծման հարցում սկսվել է դեռեւս 2000-ական թթ.։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 28-ին ասել է Հնդկաստանում Հայաստանի առաջին Արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը, տեղեկացնում է news.am-ը։
Նրա խոսքով՝ Հնդկաստանն ակտիվ մասնակցություն է ունեցել նախագծի իրականացմանը, դրանում ոչ միայն շահ է տեսնում, այլեւ ամենօրյա աշխատանքով նպաստում է այդ միջանցքի ձեւավորմանը։
Նա նշել է, որ Նյու Դելին դիտարկում է բոլոր տարբերակները, որոնք կարող են հետաքրքրել իրեն։ «Հայաստանը նաեւ իր ավանդն է ներդնում, բայց գոյություն ունի աշխարհաքաղաքական գործընթացների ներգործությունը տարբեր ասպեկտների վերաբերյալ համատեղ որոշումներ ընդունելու մեխանիզմի վրա։ Ամեն բան չէ, որ մենք ենք որոշում, բայց մեր մոտեցումները կարեւոր են մեզ համար շահեկան լուծումների հասնելու համար։ Այս ճանապարհը մեզ համար կարեւոր է, այն արդեն ձեւավորվում է։ Սա վերացական գաղափար չէ, այլ կոնկրետ նախագիծ, բայց կան տնտեսական նպատակահարմարության հարցեր»,- ավելացրել է Բայբուրդյանը։