«Արտավազդ» մրցանակաբաշխությունը՝ Կապանում

Այսօր Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը և Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանը հանդիպեցին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ: Այս մասին հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից։

«Նկատի ունենալով, որ Հայաստանի թատերական գործիչների միությունը միշտ առանձնահատուկ ուշադրության է արժանացրել մարզային թատերական կյանքը, և այն, որ այս տարի լրանում է Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնի 90–ամյակը, որոշում էր կայացվել դիմել ՀՀ Սյունիքի մարզպետարան՝ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը այս տարի Կապանում անցկացնելու և այն թատրոնի հոբելյանին նվիրելու առաջարկով:

Ուրախությամբ պետք է նշենք, որ առաջարկը մեծ ոգևորությամբ ընդունվեց մարզպետի կողմից: Ավելին, մրցանակաբաշխությանը նախորդող օրերին, մարտի 20–ից 26-ը կանցկացվի Կամերային ներկայացումների փառատոն, որի ընթացքում Կապանում հանդես կգան հանրապետության լավագույն թատերական կոլեկտիվները:

Կասկած չունենք, որ թե´ մրցանակաբաշխությունը, և թե´ փառատոնը, կխթանեն տեղի թատերական կյանքը՝ հանդիսատեսին էլ ավելի կապելով թատրոնին»,- ասված է հայտարարությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print