Նախնական տվյալներով՝ Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթում է նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 86,82%-ը, հայտարարել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Իգոր Կարպենկոն։
2020 թվականի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն հավաքել էր ձայների 80,10 տոկոսը։
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Օլեգ Գայդուկևիչը հավաքում է ձայների 2,02%-ը, ձեռնարկատեր Աննա Կանոպացկայան՝ 1,86%, Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Սիրանկովը՝ 3,21%, Աշխատանքի և Արդարության հանրապետական կուսակցության նախագահ Ալեքսանդր Խիժնյակը՝ 1,74%, բոլորին դեմ է քվեարկել ընտրողների 3,6%-ը։
Վերջնական տվյալները կհրապարակվեն փետրվարի 3-ին։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Բրյուսելը Բելառուսում անցկացված նախագահի ընտրությունը չի համարում ազատ և ժողովրդավարական, այդ իսկ պատճառով էլ մտադիր է պահպանել Մինսկի դեմ պատժամիջոցները:
«Ժողովրդավարության համար անհրաժեշտ են ազատ, ազնիվ ու թափանցիկ ընտրություններ, որոնք պետք է անցկացվեն մի հասարակությունում, որտեղ պահպանվում են մարդու իրավունքները, չկան խոսքի ու հավաքների սահմանափակումներ, իսկ տարբեր ԶԼՄ-ները կարող են աշխատել ազատորեն: Բելառուսում այդ ամենը չկա»,- ասված է Կալասի գրավոր հայտարարության մեջ: