Վերջին տարիներին հեղուկ գազի շուկայում սպառողներն էական տատանումների են բախվում, երբ գազի գինը 80 դրամից հասնում է, օրինակ, 260 կամ 280 դրամի։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում բացատրում են՝ ինչպես այս, այնպես էլ բենզինի գները բորսայում են որոշվում։ Բայց, օրինակ, 2024-ին բենզինի շուկայում հակամրցակցային համաձայնություն են նկատել ու չորս խոշոր տնտեսվարողների տուգանել են ավելի քան մեկ միլիարդ դրամով։
Ինչու ՞ է Հայաստանում հեղուկ գազի գինն այդքան տատանվում, արդարացվա՞ծ է արդյոք բենզինի թանկացումը, ի՞նչ է կատարվում օնլայն տաքսիների շուկայում։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում փնտրում են այս հարցերի պատասխանները։ Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն ընդգծում է՝ հեղուկ գազի շուկայում գների դինամիկան նորմալ է․
«Գների բարձրացման, իջեցման դինամիկան նորմալ է։ Դա աշխարհում վաճառվող ապրանք է, հայաստանյան երևույթ չէ։ Տեսնում ենք, որ երբ որ աշխարհում հեղուկ գազի պահանջարկն ավելանում է, գինը բարձրանում է, իջնելիս իջնում է»։
Հեղուկ գազի հայաստանյան շուկայում ավելի քան 80 տնտեսվարող կա։ Միայն մեկը չի կարող գին որոշել։ Հեղուկ գազի գինը բորսայում է որոշվում։ Գևորգյանն ընդգծում է՝ տեսականորեն չի կարող լինել հակամրցկացային պայմանավորվածություն կամ գերիշխող դիրքի չարաշահում։ Շուկայից որևէ տնտեսվարող դուրս չի մնացել՝ ասում է Գևորգյանը։
Բայց այս շուկայում այլ խնդիր կա՝ ըստ հանձնաժողովի նախագահի․
«Շուկայի տեսչական մարմնից ստացված ազդակի արդյունքում ստուգում իրականացրեցինք, ու պարզվեց՝ 30 տոկոս լիցքավորման մեջ խաբում են։ Հիմա բավականին մեծ ծավալի պատասխանատվություն ենք նախատեսել։ Մտածում ենք՝ ինչպես անել, որ խաբելու գործողությունների քանակին այնպիսի լուծումներ տանք, որ քիչ լինի։ Մտածում ենք չիպերի միջոցով լուծում տալ, որ մենք կամ տեսչական մարմինը կարողանա իրական ռեժիմում տեսնել մուտքի ու ելքի քանակը»։
Ոչ միայն այս, այլև մյուս շուկաներում ևս սպառողին խաբելու դեպքերը կնվազեն, եթե աշխատի ռեպուտացիոն ռիսկը՝ սպառողը պետք է իմանա, որ X ընկերությունը խաբում է, ավելի զգոն կլինի տվյալ ընկերության մոտ լիցքավորման ժամանակ։ Բենզինի շուկայում նույնպես գինը բորսայում է ձևավորվում․
«Գնի օբյեկտիվ թանկացման մասին է խոսքը, թե մանիպուլյատիվ է թանկանում։ Երբ Հայաստանում 250 դրամով բենզին էր վաճառվում, ՌԴ-ում, որտեղից մենք բենզին ենք ներկրում, գինը 1․5 անգամ թանկ էր։ 250 դրամանոց բենզինը բենզի՞ ն էր։ Կար երկու տեսակի բենզին, որը մեքենան էր փչացնում։ Հիմա մենք պետք է այնպես անենք, որ որակը լավը լինի, և գինը օբյեկտիվ լինի»։
2024-ին մեկ միլիարդ դրամից ավելի տուգանք է նշանակվել բենզինի շուկայի խոշոր տնտեսվարողների նկատմամբ։ Այստեղ հայտնաբերված դեպքերը հանձնաժողովը հակամրցակցային համաձայնություն է համարել։ Հանձնաժողովի դիտակետում նաև օնլայն տաքսիների, վերելակների սպասարկման, վիճակախաղերի ոլորտներն են։ Վերջինում դեռ փորձում են հասկանալ՝ արդյո՞ք շահումով խաղերին մասնակցելու բջջային հաղորդագրությունը գովազդ է, թե ոչ։
armradio.am