Հայաստանը եւ Հնդկաստանն ակտիվորեն համագործակցում են պաշտպանական ոլորտում․Մնացական Սաֆարյան

Հայաստանը կարող է օգտվել Հնդկաստանի հետ ամրագրվող առաջընթացից՝ անվտանգության եւ երկրի զարգացման մակարդակը բարձրացնելու համար։ Այս մասին Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով նոյեմբերի 28-ին Գիտությունների Ազգային ակադեմիայի միջազգային գիտաժողովում ասել է արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը, հաղորդում է news.am—ը։

Մնացական Սաֆարյան

Փոխնախարարն նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման պահից սկսած՝ անցած 30 տարիներին երկու երկրների միջեւ շարունակաբար զարգացել են կապերը բոլոր, այդ թվում քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում։

«Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացումը եւ խորացումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից են։ Ուրախալի է, որ Հնդկաստանն այսօր գրանցում է առաջընթաց տարբեր ոլորտներում, ինչը բարձրացնում է Հնդկաստանի հեղինակությունն ամբողջ աշխարհում»,- ասել է Սաֆարյանը՝ հավելելով, որ հայերի ու հնդիկների միջեւ դարավոր ավանդական ջերմ հարաբերությունները շարունակում են ամրապնդվել, իսկ միջպետական կապերը՝ խորանալ։։

Սաֆարյանն ընդգծել է, որ Հայաստանը եւ Հնդկաստանն ակտիվորեն համագործակցում են նաեւ միջազգային կառույցներում։ «Վերջին ժամանակներս նախաձեռնվել է համագործակցություն այնպիսի կարեւոր ուղղություններում, ինչպիսին են պաշտպանական ոլորտը, տարածաշրջանային անվտանգությունը, միջազգային տրանսպորտը եւ կապը, տուրիզմը, առեւտուրը, գիտությունը, ՏՏ ոլորտը եւ այլն։ Կարեւոր նշանակությունի ունի նաեւ մշակութային համագործակցությունը։ Հայ ժողովուրդը Հնդկաստանում հարուստ մշակութային ժառանգություն ունի, որը խնամքով պահպանվում է Հնդկաստանի կառավարության կողմից»,- ավելացրել է փոխնախարարը։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսության նկատվող փոփոխությունները՝ պետք է ակտիվացնել հարավի հետ առեւտրի ինտենսիֆիկացման հնարավորությունների դիտարկումը, եւ այս ուղղությամբ դեռեւս շատ անելիք կա։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print