Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թույլ է տվել բանակցություններ վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ միաժամանակ մերժելով նրա հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորությունը։ Նախօրեին «Россия 1» պետական հեռուստաալիքի եթերում նա հայտարարել է, որ Ուկրաինայի ղեկավարին լեգիտիմ չի համարում։
«Դուք կարող եք բանակցել ցանկացածի հետ, բայց իր ոչ լեգիտիմ լինելու պատճառով Զելենսկին իրավունք չունի որևէ բան ստորագրել: Եթե նա ցանկանա մասնակցել բանակցություններին, ես կնշանակեմ մարդկանց, որոնք կվարեն այդ բանակցությունները»,- ասել է Պուտինը։
Ընդ որում, նա Ուկրաինայում իշխանության լեգիտիմ մարմին է անվանել միայն Գերագույն ռադան։ ՌԴ նախագահը նշել է, որ եզրափակիչ պայմանագիրը պետք է լինի իրավաբանորեն անթերի և ստորագրված լինի լիազորված անձանց կողմից:
Նրա խոսքով՝ Վլադիմիր Զելենսկու լիազորությունների ժամկետն ավարտվել է 2024 թվականի մայիսին, և նա իրավունք չունի ստորագրել փաստաթղթերի տակ։