Մենք աջակցում ենք տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման գաղափարին, ինքներս բավականին կառուցողական առաջարկներ ենք մտածել և արել Ադրբեջանին և ակնկալում ենք նաև Ադրբեջանի դրական վերաբերմունքը: Այդ մասին Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Վստահ ենք, որ այն պայմաններով և ձևով, որով մենք տեսնում ենք այդ ապաշրջափակումը, իրականում այդ ապաշրջափակումը տնտեսական և ոչ միայն [տնտեսական] մեծ օգուտներ կբերի ողջ տարածաշրջանին, Հարավային Կովկասին՝ Ադրբեջանին, Հայաստանին, նաև Վրաստանին»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ ՀՀ-ի դիրքորոշումն արտահայտված է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունում:
«21-րդ դարն ընդհանրապես պարզեցումների, լոգիստիկ անցումների հեշտացումների դար է, և բոլորը բոլորի հետ փորձում են հասնել ինչ-որ պարզեցումների: Մենք ևս Ադրբեջանի հետ, եթե և երբ կապաշրջափակվենք, տեսնում ենք որոշակի պարզեցված ընթացակարգեր, որոնք կարող են կիրառվել. դրանից և՛ մենք, և՛ Ադրբեջանը կարող ենք շահել»,- ասաց նա: