Այսուհետ հայտնի անձանց մահարձանի ֆինանսական օգնությունը կտրամադրվի ավտոմատ կերպով

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 30-ի նիստում փոփոխություն կատարեց պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում՝ գերեզմանի բարեկարգման, մահարձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար  նախատեսված գումարները հանգուցյալի հարազատներին կամ նրանց կողմից լիազորված անձանց կամ հանձնաժողովի կողմից լիազորված կազմակերպությանը տրամադրելու կարգում։

Այսօր գործող կարգով այդ գումարները հատկացվում են հանձնաժողովի կողմից դրա վերաբերյալ առանձին որոշում կայացնելու հանգամանքով՝ հանձնաժողովի կողմից որոշման ընդունման պահից 6-ամսյա ժամկետում: Սա հանգեցնում է գործընթացի անհարկի ձգձգման, ինչպես նաև գործընթացի ժամանակացույցի հարազատների լիովին իրազեկված չլինելու հանգամանքը առաջացնում է հարցի վերաբերյալ լրացուցիչ բարդություններ և խոչընդոտներ:

Այս որոշմամբ առաջարկվում է, որ գումարները հանգուցյալի հարազատներին կամ նրանց կողմից լիազորված անձանց տրամադրելը պայմանավորված լինի հանձնաժողովի ստեղծման փաստով, ոչ թե հանձնաժողովի կողմից դրա վերաբերյալ առանձին որոշում կայացնելու հանգամանքով:

Նոր խմբագրությամբ նախատեսվում է, որ գերեզմանի մահարձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար ֆինանսական օգնությունը կտրամադրվի ավտոմատ կերպով՝ համապատասխան հանձնաժողովի ստեղծումից հետո:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print