Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը. Փաշինյան

Հայաստանի եւ Վրաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների պարբերական փոխայցելությունները, տնտեսական համագործակցության  միջկառավարական հանձնաժողովի ամենամյա կանոնավոր նիստերը մեր երկրների բարեկամության, առկա փոխգործակցության ծավալների աճի ու համատեղ ձեւավորված հարուստ օրակարգի վկայությունն են: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, Երեւանում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նախորդ տարի մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատումը նոր իսկ է հաղորդել Հայաստանի և Վրաստանի միջպետական հարաբերություններին։ Վստահ եմ, որ մեր կառավարությունների համատեղ ջանքերով և առանց որևէ սահմանափակումների շարունակելու ենք խորացնել փոխշահավետ ու բազմաոլորտ համագործակցությունը:

Մեր հանձնաժողովն այսօր հանգամանորեն քննարկել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսության, տրանսպորտի կապի և հաղորդակցության, էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի, առողջապահության, մշակույթի, կրթության, գիտության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության, ընթացիկ ծրագրերն ու փոխգործակցության նոր հեռանկարները։

Պետք է արձանագրեմ, որ մեր եղբայրական երկրների համագործակցային ու ջերմ վերաբերմունքը խարսխվել է շատ կոնկրետ և ամուր իրողությունների վրա»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար և աներկբայորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը. «Մեր երկրները ռազմավարական գործընկերներին հարիր հարգանքով և հոգատարությամբ են վերաբերվում տարբեր հարցերում առկա դիրքորոշումներին ու առաջնահերթություններին, ձգտելով ոչ միայն չվնասել, այլև առավելագույն աջակցություն ցուցաբերել միմյանց շահերի առաջ մղմանը։

Պակաս կարևոր չէ նաև, որ մեր երկրների հասարակությունները կիսում են արժեհամակարգային, մշակութային և նույնիսկ կենցաղային բազմաթիվ ավանդույթներ, որոնք անխախտ են դարձնում մեր երկրների բարեկամությունը։

Մեր հարուստ երկխոսության կարևոր բաղադրիչներից է տնտեսական համագործակցությունը ու երկու երկրների փոխկապակցվածության ամրապնդումը, այդ թվում փոխադարձաբար անհրաժեշտ դյուրացումներ ներդնելու միջոցով։

Վրաստանի մեր գործընկերներին տեղեկացրել են, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ և լիարժեք վերագործարկմամբ, որը պետք է տեղի ունենա բոլոր երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունը լիարժեք հարգելու շրջանակում։ Այս համատեքստում ընդգծել եմ ՀՀ կառավարության ներկայացրած խաղաղության խաչմերուկ նախագիծը կյանքի կոչելու կարևորությունը, որը շատ կոնկրետ ու շոշափելի հեռանկարներ է խոստանում Հայաստանի, Վրաստանի և մեր ընդհանուր տարածաշրջանի մյուս երկրների համար»,- հայտարարեց ՀՀ վարչապետը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print