Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից՝ սկսած 2025 թվականի փետրվարի 1-ից:
Ինչպես տեղեկացնում է Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակը, Էլեկտրոնային ստորագրությունը կիրառելու համար անհրաժեշտ է՝
Տարբերակ առաջին
Ունենալ Ձեր բջջային օպերատորի կողմից տրամադրված Մոբայլ ID SIM քարտ, որի համար անհրաժեշտ է՝
- Ունենալ վավեր նույնականացման քարտ (ID Card)` չիպով և առանց չիպի, իսկ չունենալու դեպքում ձեռք բերել այն ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակից։
- Նույնականացման քարտով և բջջային հեռախոսով այցելել Ձեր կամ նախընտրելի այլ բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն, որտեղ Ձեր գործող բջջային հեռախոսահամարի քարտը (SIM) կփոխարինվի նոր Մոբայլ ID SIM քարտով։
- Բջջային կապի օպերատորի սպասարկող անձնակազմի օգնությամբ և Ձեր մասնակցությամբ ստանալ էլեկտրոնային ստորագրություն և նույնականացում։
- Այն քաղաքացիները, ովքեր մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը չեն վճարել և չեն ակտիվացրել իրենց էլեկտրոնային ստորագրությունը` նրանց էլեկտրոնային ստորագրությունը կակտիվացվի ինքնաշխատ կերպով։
Տարբերակ երկրորդ
Էլեկտրոնային չիպ պարունակող նույնականացման քարտ, որի համար անհրաժեշտ է՝
- Ունենալ մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակից ստացած էլեկտրոնային չիպ պարունակող վավեր նույնականացման քարտ (ID Card), որի հետ առանձին ծրարով տրամադրվել են PIN և PUK ծածկագրեր։
- Ունենալ նույնականացման քարտ ընթերցող սարք, որը կարող եք ձեռք բերել նաև «ԷԿԵՆԳ» ՓԲԸ- ից (մանրամասները՝ https://www.ekeng.am/hy/reader)։
- Այցելել ekeng.am և հետևելով ուղեցույցներին՝ ներբեռնել անհրաժեշտ համակարգչային ծրագրերը։ (https://www.ekeng.am/hy/necessary_programs)
- Այն քաղաքացիները, ովքեր մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը չեն վճարել և չեն ակտիվացրել իրենց էլեկտրոնային ստորագրությունը` նրանց էլեկտրոնային ստորագրությունը կակտիվացվի ինքնաշխատ կերպով:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող այցելել www.ekeng.am խորհրդատուի էջ կամ զանգահարել +374 60 464504 հեռախոսահամարով։
Ի գիտություն
- Նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ որևէ գործողություն չի պահանջվում:
- Եթե ունեք վավեր էլեկտրոնային չիպ պարունակող նույնականացման քարտ, բայց կորցրել եք կամ չեք հիշում PIN և PUK ծածկագրերը, ապա պետք է հետևել Տարբերակ առաջինին:
- Առանց չիպի վավեր նույնականացման քարտ (ID Card) ունենալու դեպքում անհրաժեշտ է հետևել Տարբերակ առաջինին։