Քրեական ոստիկանության ծառայողները առգրավել են շուրջ 18 կգ թմրամիջոց

Քրեական ոստիկանության ծառայողները առգրավել են շուրջ 18 կգ թմրամիջոց: Հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ըստ տեղեկության` Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստան էր ներմուծվելու մեծ քանակի թմրամիջոց, որի մի մասն իրացվելու էր տեղում, իսկ մյուս մասը պետք է նույն`մաքսանենգ ճանապարհով տեղափոխվեր Վրաստան:

Ստացված տեղեկության հիման վրա նախաձեռնվեց քրեական վարույթ։

Վարույթով ձեռք բերվեցին նոր տվյալներ, համաձայն որոնց՝ ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական, ապացուցողական և վարույթային քննչական գործողություններ:

Օպերատիվ միջոցառմանը մասնակցում էին նաև Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ-հետախուզական բաժնի ծառայողներ։

Ծավալուն և համագործակցված աշխատանքի շնորհիվ կազմակերպված հանցավոր խմբի անդամներին հայտնաբերելու գործողություններն արդյունավետ եղան։

Ապօրինի թմրաշրջանառության շղթան սկսեց բացվել օղակ առ օղակ:

Մաքսանենգ ճանապարհով թմրամիջոց ներմուծելու և իրացնելու կասկածի հիմքով մայրաքաղաքի Դավիթաշեն թաղամասում ձերբակալվեց Երևանի 40-ամյա մի բնակիչ: Նրա վարած «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերված փաթեթում կար ընդհանուր 3 կգ 465 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Տեղեկությունը, որ նա պետք է թմրանյութը փոխանցեր Արարատի մարզի 40-ամյա մի բնակչի, հաստատվեց:

Նույն օրը, Երևան-Երասխ ճանապարհին, հիշյալ փաթեթը ստանալուց անմիջապես հետո, 40-ամյա արարատցին ձերբակալվեց և իր կողմից շահագործվող «Ռենո» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ ներկայացվեց նախաքննական մարմին:

Շարունակելով միջոցառումները` մայրաքաղաքի Դավիթ Բեկի փողոցում, մաքսանենգ ճանապարհով թմրամիջոց արտահանելու կասկածի հիմքով, ձերբակալվեցին Երևանի 51-ամյա և Կոտայքի մարզի 46-ամյա բնակիչները: Քրեական վարույթի շրջանակում 46-ամյա տղամարդու վարած «Կիա» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց փաթեթ` ընդհանուր 106 գրամ բյուրեղանման, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի և 142 գրամ ընդհանուր քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներով։

Նույն օրը, նույն կասկածի հիմքով, Լոռու մարզի Լալվար սարի գագաթամերձ տարածքում իրավապահները ձերբակալեցին Վրաստանի ազգությամբ հայ 46-ամյա քաղաքացուն և Երևանի 36-ամյա բնակչին: Մոտակայքում էր նաև 36-ամյա երևանցու վարած «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան:

Վրաստանի քաղաքացի ազգությամբ հայ անձը Վրաստանից ժամանել էր Հայաստան, և եղբոր ազգականի հետ վերցրել էին թմրամիջոցը։ Այնուհետև թմրմիջոցը տեղափոխել էին Լալվար սարի գագաթ, որը գտնվում է Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ հատվածում: Նպատակն այն էր, որ Վրաստանի քաղաքացին օրինական ճանապարհով սահմանը հատեր, մեկներ Վրաստան, ապա Վրաստանից արդեն ապօրինի սահմանահատման միջոցով սարի գագաթից վերցներ թմրամիջոցը և տեղափոխեր Վրաստան։

46-ամյա տղամարդը թաքստոցից ներկայացրեց 2 փաթեթ՝ ընդհանուր ավելի քան հինգուկես կիլոգրամ մարիխուանայի նմանվող զանգվածով։

Միջոցառումները շարունակվեցին մայրաքաղաքում: Տիգրան Մեծի պողոտայում իրավապահները ձերբակալեցին Երևանի 38-ամյա և Սյունիքի մարզի 39-ամյա բնակիչներին: Վերջինիս վարած «Մինի Կուպեր» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերված փաթեթում կային ընդհանուր 202 գրամ մեթամֆետամինի և 1 կգ 155 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Հայտնաբերվեց նաև ինքնաձիգ` 28 փամփուշտով:

Տեղեկություններ էին ստացվել նաև, որ Շիրակի մարզի երկու բնակիչ` 33 և 32 տարեկան տղամարդիկ զբաղվում են թմրամիջոցների տեղադրմամբ և համացանցի միջոցով դրանց իրացմամբ:

Միջոցառումները շարունակվեցին Կոտայքի մարզում: Եղվարդում իրավապահները ձերբակալեցին Շիրակի մարզի 33-ամյա և 32-ամյա բնակիչներին: Քրեական վարույթի շրջանակում վերջինիս վարած «Մերսեդեսի» շարժիչի ծածկոցի տակ հայտնաբերվեց փաթեթ՝ ընդհանուր 1 կգ 210 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով: Հայտնաբերվեց նաև ընդհանուր 163 գրամ քաշով մարիխունայի 86 փաթեթ։

Հունվարի 20-ին Եղվարդի խճուղում ձերբակալվեց Երևանի 32-ամյա մի բնակիչ: Նրա վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերվեց 6 փաթեթ՝ ընդհանուր մոտ 6 կգ մարիխուանայի նմանվող զանգվածով։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից թմրամիջոցներն ուղարկողների և Հայաստանում նրանց օժանդակած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Հիշյալ բոլոր անձինք կալանավորվել են, նախաքննությունը շարունակվում է:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print