Եվրամիության (ԵՄ) հետ Հայաստանի հարաբերությունների զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է, բայց դա կհանգեցնի ԵԱՏՄ շրջանակում արտոնությունների և օգուտների կորստի։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ հիմա Հայաստանը կոնկրետ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից:
Նա ՀՀ իշխանություններին խորհուրդ է տվել՝ վերլուծել, թե ինչ հետևանքներ են ունենալու նման քայլերը: Ըստ Զախարովայի՝ խոսքն առաջին հերթին ԵԱՏՄ ահռելի շուկայի կորստի և տասնամյակներով հաստատված առևտրային շղթաների ցավոտ խզման մասին է:
«Ըստ որոշ գնահատականների՝ Հայաստանից արտահանումը, ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում, կնվազի 80 տոկոսով և անհնար կլինի կորուստները փոխարինել այլընտրանքային աղբյուրներով նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում»,- կանխատեսել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Երևանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների զարգացումը հարված կլինի Հայաստանի զարգացմանը և կարող է հանգեցնել տոտալ աղքատացման։
Զախարովան նաև հիշեցրել է, որ 2024 թվականին ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ Հայաստանի առևտուրը զգալիորեն նվազել է և մոտավորապես 6 անգամ պակաս է Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունից։
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին։ Հարցը կընդգրկվի առաջիկա ԱԺ լիագումար նստաշրջանի օրակարգ, որը կմեկնարկի փետրվարի 11-ից: