ԶՊՄԿ-ն ներկայացրել է` որքան աշխատավարձ են ստանում աշխատակիցները

Պարզաբանում լրագրողների համար՝ ԶՊՄԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, խախտելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը և աշխատանքային պայմանագրերը՝ 2025 թվականի հունվարի 31-ին «ԶՊՄԿ» ՓԲԸ մի շարք աշխատակիցներ չեն ներկայացել աշխատանքի, չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները կամ լքել են իրենց աշխատատեղերը՝ առաջադրելով անհիմն և անիրատեսական աշխատավարձի բարձրացման վերաբերյալ վերջնագրային պահանջներ՝ դրանով իսկ խաթարելով Ընկերության աշխատանքային գործընթացը։

Հաշվի առնելով հասարակական արձագանքը՝ ներկայացնում ենք մի շարք կարևոր փաստեր և թվեր.

•         Հարկ ենք համարում հիշեցնել, որ ընկերության աշխատակիցները նախկինում ևս կազմակերպել են բողոքի ակցիաներ և ոչ թույլատրելի գործադուլներ աշխատավարձի բարձրացման պահանջով, այդ թվում՝ մինչև բաժնետերերի և ղեկավարության փոփոխությունները, օրինակ՝ 2018 թվականին։

•         2024 թվականի սեպտեմբերից ընկերությունը սկսել է աշխատավարձերի վերանայման գործընթաց՝ նպատակ ունենալով ներդնել աշխատանքի վարձատրության ինստիտուցիոնալ սկզբունքներ, վերացնել սոցիալական անհավասարությունները և ապահովել ոլորտի ստանդարտների ու օբյեկտիվ չափանիշների վրա հիմնված վարձատրության թափանցիկ համակարգ։

•         Այս փոփոխությունների շրջանակում, օրինակ, բեռնատարների օպերատորների և նրանց օգնականների վարձատրության վերանայման արդյունքում (2024 թվականի հոկտեմբեր) նրանց վարձատրության գործարքային բաղադրիչը զգալիորեն աճել է։

•         Անկախ սեպտեմբերից իրականացվող բարեփոխումներից՝ անհրաժեշտ ենք համարում նշել, որ այս պահին էլ ԶՊՄԿ-ի միջին աշխատավարձը գերազանցում է ոլորտի բոլոր ցուցանիշները։

•         Սյունիքի մարզում միջին աշխատավարձը երկրորդն է մայրաքաղաքից հետո, ինչը պայմանավորված է ոլորտի, մասնավորապես՝ ԶՊՄԿ-ի գործունեությամբ։

Աշխատավարձերի վերաբերյալ կամայական մեկնաբանություններից խուսափելու համար՝ ներկայացնում ենք գործարանի որոշ պաշտոնների ներկայիս աշխատավարձերի տվյալները (ՀՀ դրամ՝ նվազագույն-առավելագույն, ներառյալ հարկերը)։

Հանքանյութի մանրացման և փոխադրման արտադրամաս

 Ընթացիկ աշխատավարձ՝ ըստ կարգի

Կոնվեյերավար
450,090-480,060
էլեկտրագազաեռակցող
362,789-614,809

Ծանր բեռնատարների վարորդների վարձատրությունը կատարվում է գործարքային համակարգով (կմ/երթ)


Բացի այդ՝

•         ԶՊՄԿ-ի բոլոր աշխատակիցները (ներառյալ բանվորները) և նրանց ընտանիքի անդամները, այդ թվում՝ ծնողները, ապահովված են առողջապահական ապահովագրությամբ, իսկ այն ծախսերը, որոնք ապահովագրական ընկերությունները չեն փոխհատուցում, ֆինանսավորվում են ընկերության բարեգործական հիմնադրամի կողմից։

•         Բոլոր աշխատակիցները կարող են օգտվել օրենքով սահմանված արձակուրդային օրերից և օգտվել արհմիության տրամադրած արտոնյալ կամ անվճար ուղեգրերից՝ Հայաստանի և տարածաշրջանի հանգստյան տներում։

•         Ընկերությունն ապահովում է աշխատակիցների և նրանց երեխաների ուսման ծախսերի փոխհատուցում։

•         Աշխատակիցներին տրամադրվում է անվճար տրանսպորտ և մեկանգամյա սնունդ։

•         Ընկերությունը սոցիալական լայնածավալ ծրագրերի շրջանակում ֆինանսավորում է մանկապարտեզներ, սպորտային խմբակներ, բժշկական հաստատություններ, մշակույթի տներ, բազմաթիվ միջոցառումներ և հարյուրավոր այլ սոցիալական ծրագրեր։

Քանի որ վերջին օրերին գործադուլի կազմակերպիչների կողմից տարածվում է ապատեղեկատվություն՝ իբրև «աղքատիկ» աշխատավարձերի և վատ վարձատրության պայմանների մասին, հանրության դատին ենք թողնում վերոնշյալ թվերը և փաստերը։

Լրացուցիչ՝

•         Չարտոնված գործողություններում ներգրավված աշխատակիցների թիվը չի գերազանցում Ընկերության աշխատակիցների ընդհանուր թվի 7-8%-ը։

•         Արհմիությունը չի աջակցում այս գործողություններին` համարելով դրանք անօրինական, և չի դիտարկում դրանք որպես գործադուլ։

•         «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի և նրա աշխատակիցների մեծամասնության շահերից ելնելով՝ ընկերությունն իր իրավունքն է համարում իրավական գործընթացների շրջանակում պատասխանատվության ենթարկել խախտումներ կատարողներին։

«ԶՊՄԿ» ՓԲԸ-ում աշխատում է ավելի քան 4,600 մարդ։ Շատ դեպքերում աշխատանքի տեղավորումը պայմանավորված է բացառապես սոցիալական խնդիրներով և միշտ չէ, որ արտացոլում է ընկերության իրական կարիքները մասնագետների հարցում։

Ամեն օր Կադրերի բաժին են ուղարկվում մեծ թվով աշխատանքային դիմումներ՝ չնայած սահմանափակ թվով թափուր աշխատատեղերին։ Մենք վստահ ենք, որ մեր աշխատակիցների մեծ մասը գնահատում է իրենց աշխատանքը և ընկերության վերաբերմունքը, ուստի նրանք չպետք է տուժեն որոշ անպատասխանատու հրահրիչների գործողություններից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print