«Փաստ» օրաթերթը գրում է․ Հայաստանի ու Արցախի շուրջ անվտանգային իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ադրբեջանն անընդհատ խախտում է հրադադարը և հարմար պահի է սպասում նոր հարձակում սկսելու համար։ Դա են վկայում նաև այդ երկրի նախագահի կողմից հնչեցված հայտարարությունները։ Բայց այնպես չէ, որ ամեն ինչ նրա որոշելով է. այն, ինչ Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը բացահայտ չի ասում, դա պատվիրակում է Ալիևին՝ հնչեցնելու։ Ուստի պատահական չէ, որ իր վերջին հայտարարությունում նա սպառնալիքներ հղեց ոչ միայն Հայաստանին, այլև Իրանին ու Ֆրանսիային։
Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունների լարման ֆոնին Ալիևը Իրանական Ատրպատականում ապրող ադրբեջանցիների հարցն է բարձրացնում։
Այսինքն, հեռանկարում Իրանի հյուսիսին տիրանալու հարցն է դրված։ Մյուս կողմից էլ՝ Ալիևը դեմարշ է կազմակերպում համաշխարհային քաղաքականության մեջ առանցքային դերակատարություն ունեցող Մինսկի խմբի համանախագահ երկրի՝ Ֆրանսիայի դեմ՝ փաստացի հայտարարելով, որ Փարիզին որպես միջնորդ չի ընդունում, և Մակրոնը չպիտի մասնակցի դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված բանակցություններին, հակառակ դեպքում հանդիպումը չի կայանա։
Բնականաբար, Ֆրանսիայի դեմ ուղղված Ադրբեջանի դիրքորոշումը, մեծ հաշվով, գալիս է Փարիզի և Անկարայի միջև հարաբերությունների լարվածությունից, քանի որ այդ երկրների շահերը մի շարք տարածաշրջաններում հակասում են միմյանց։
Բայց սա դեռ ամենը չէ. բանն արդեն հասել է նրան, որ Ադրբեջանի կողմից հաթաթաներ են տրվում նույնիսկ գերտերություն համարվող Ռուսաստանին։
Օրինակ՝ Բաքվից արդեն հայտարարություններ են հնչում, որ ռուս խաղաղապահները Արցախում չեն մնալու, անգամ փորձ է կատարվում նրանց պարտադրել, որ իրենց քարտեզներում օգտագործեն Արցախի բնակավայրերի ադրբեջանական անունները։ Սակայն թեման միայն խաղաղապահներով չի ավարտվում, քանի որ պանթուրքական պլանները ավելի հեռուն են գնում։
Թուրքիան ու Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցք» են պահանջում, որպեսզի նախ ցամաքային կապ հաստատեն միմյանց հետ, իսկ հետո անցնեն թուրքական ազդեցությունը Միջին Ասիայի թյուրքախոս երկրների վրա տարածելու գործին։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում