Եվրոպայի խորհուրդը հասել է պայմանավորվածության Ուկրաինայի դեմ հանցավոր ագրեսիայի վերաբերյալ Հատուկ տրիբունալի ստեղծման իրավական հիմքերի հարցում։ Այս մասին տեղեկացրել է BBC-ի Ռուսական ծառայությունը։ Եթե տրիբունալը ստեղծվի, այն կդառնա անկախ Միջազգային քրեական դատարանից։
Ագրեսիայի հանցագործությունը միջազգային իրավախախտումների առանձին կատեգորիա է, որը նշանակում է պատերազմ մեկ այլ պետության դեմ։ Ի տարբերություն ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների, որոնց համար կարող են պատասխանատվության ենթարկվել եւ հակամարտության սովորական մասնակիցները, եւ երկու կողմերի հրամանատարները, ագրեսիայի հանցագործությունը կարող է վերագրվել բացառապես հարձակման որոշում կայացրած երկրի բարձրագույն ղեկավարությանը։ Այսպիսով, եթե որոշում կայացվի տրիբունալ ստեղծելու մասին, ապա դրա աշխատանքն առաջին հերթին կվերաբերի Վլադիմիր Պուտինին։
ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը հայտնել է, որ «չի կասկածում, որ Պուտինը կատարել է ագրեսիայի հանցագործություն»՝ որոշելով հարձակվել Ուկրաինայի վրա եւ խախտել նրա ինքնիշխանությունը։ «Նա բացեիբաց խոսել է այս մասին»,- Կալասի խոսքերը մեջբերել է DW-ն: