Այսօր՝ փետրվարի 6-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում: Տեղացած առատ ձյան ու ձնաբքի պատճառով Վայոց ձորի մարզի «Զանգեր»-ի հատվածից դեպի Գորիս տանող ճանապարհահատվածի մի քանի վայրերում տեղացած առատ ձյան հետևանքով ավտոմեքեաների երթևեկությունը, ելնելով վարորդների անվտանգությունից, ժամանաավորապես դադարեցվել է:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 161 կմ-ում՝ «Անտառային շրջադարձ» կոչված հատվածում, ճանապարհի դժվարանցանելիության պատճառով ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները ժամանակավորապես դադարեցրել են ավտոմեքենաների տեղաշարժը:

Պարեկները, ճանապարհը սպասարկող ճանշինն ու Վայոց ձորի փրկարարները 20-ից ավելի ավտոմեքենաներ են դուրս բերել մերկասառույց ճանապարհից:
Տեղում աշխատում են նաև փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի և Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարները:
Օպերատիվորեն աշխատել են նաև Սիսիանի և Գորիսի ճանապարհը սպասարկող ճանշինականները, սակայն քամին ու բուքն իրենց սև գործն են անում:
Պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենաներով Սիսանի և Գորիսի ճանապարհից դուրս են բերել արդեն մոտ 25 ավտոմեքենա՝ մերկասառույց ճանապարհից ու ձնաբքի միջից:
Սյունիքի հրշեջ-փրկարարները նույնպես մոտ 10 ավտոմեքենա են դուրս բերել: Այս պահին երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ ճանշինը մեծ դժվարությամբ աշխատանքներ է կատարում՝ ճանապարհը ձնից մաքրելու, աղ ու ավազով մշակելու ուղղությամբ:

Պարեկների ճիշտ աշխատանքի արդյունքում այդ պահին Վայոց ձորի և Սյունիքի մարզում ավտովթարներ տեղի չեն ունեցել:
Ուժեղացված ծառայությունը շարունակվում է: