Հռոմի Չամպինո օդանավակայանում հսկիչ աշտարակը հրկիզելու համար Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել։ Այս մասին գրում է իտալական ANSA գործակալությունը։
Փետրվարի 5-ին տեղի ունեցած միջադեպից հետո Հռոմի՝ մեծությամբ երկրորդ օդանավակայանում թռիչքները մի քանի ժամով դադարեցվել են:
Հաղորդվում է, որ ամեն ինչ սկսվել է առավոտյան ժամը 7։00-ի սահմաններում, երբ անհայտ տղամարդը հարձակվել է դիսպետչերի վրա: Մինչ օդանավակայանի աշխատակիցը ահազանգել է, տղամարդն այրել է կառավարման սենյակում գտնվող սարքավորումներն ու կահույքը։
Հրշեջ-փրկարարներն արագ մարել են կրակը։ Հրդեհը չի վնասել թռիչքների կառավարման համակարգերը, սակայն թանձր ծխի պատճառով ողջ շենքը ժամանակավորապես տարհանվել է։ Թռիչքներն ու վայրէջքները դադարեցվել են մի քանի ժամով, մինչև ծուխը մաքրվի: Հռոմի օդանավակայանում իրավիճակը շտկվել է միայն կեսօրին։
Ոստիկանությունը բերման է ենթարկել մեղադրյալին։