Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 28-ին հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Մայրցամաքային Եվրոպայի և Թուրքիայի հարցերով խորհրդական Իզաբել Դյումոնի, Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի վարչության տնօրեն Ֆրեդերիկ Մոնդոլոնիի, Ֆրանսիայի Պաշտպանության նախարարության Միջազգային հարաբերությունների և ռազմավարական պլանավորման վարչության պետի տեղակալ փոխադմիրալ Քրիստոֆ Լուկայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ: Տեղեկությունը փոխանցում է Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային անվտանգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ ԱԽ քարտուղարը վերահաստատել է Հայաստանի պատրաստականությունը նպաստելու մեր տարածաշրջանում անվտանգային միջավայրի ապահովմանը։
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են վերջին շրջանում առավել ակտիվացած Հայաստան-Ֆրանսիա երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման դինամիկան։ Պայմանավորվածություն է ձեռքբերվել շարունակել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված երկխոսությունը։