Հոկտեմբերին կենսաթոշակառուներին շուրջ 168 մլն դրամ հետվճար է տրվել

Շուրջ 50,000 կենսաթոշակառու և նպաստառու կատարած անկանխիկ գործարքների դիմաց ստացել են ընդհանուր առմամբ շուրջ 168 մլն դրամ հետվճար։ Տեղեկությունը փոխանցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

«Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում հոկտեմբեր ամսին անկանխիկ գործարքներ է կատարել շուրջ 50,000 կենսաթոշակառու և նպաստառու․ վերջիններս կատարած գործարքների դիմաց ստացել են ընդհանուր առմամբ շուրջ 168 մլն դրամ հետվճար։

Ծրագրին միացած քաղաքացիները նախորդ ամսվա ընթացքում իրականացրել են ավելի քան 1,8 մլրդ դրամի անկանխիկ շրջանառություն»,-նշվում է հաղորդագրությունում։

Նախարարությունից տեղեկացնում են նաև , որ 10% հետվճարի ծրագրի գործընկեր բանկերն են՝ ՎՏԲ Հայաստան բանկ, Արդշինբանկ, Հայբիզնեսբանկ, Ակբա բանկ։ Այս բանկերի քարտապանները ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով գործարքներ կատարելու դեպքում հաջորդ ամիս կստանան հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10 %-ի չափով, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հետվճարը գործում է նաև կոմունալ վճարումների դեպքում․ մեխանիզմը վերաբերում է ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլև բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print