«Ես չեմ կարծում, որ բանակցությունները փակուղում են հայտնվել, մենք շարունակում ենք ակտիվ աշխատել սահմանազատման, սահմանագծման հարցում»,- հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։
«Ճիշտ է, ադրբեջանական կողմը 3-րդ ամիսն է սկսվում, որ մեր առաջարկին որևէ արձագանք չունի: Ադրբեջանական կողմի կեցվածքը խիստ մտահոգիչ է: Դրա մասին խոսում ենք միջազգային բոլոր գործընկերների հետ։ Եւ կարծում եմ, որ լավ կլինի՝ Ադրբեջանը շարունակի խաղաղության գործընթացի մեջ իր մասնակցությունը»,-նշեց Ալեն Սիմոնյանը։
«Բոլորդ գիտեք՝ մենք փաթեթ ենք ներկայացրել, որի պատասխանին ենք սպասում, և մինչ օրս մենք այդ պատասխանը չունենք»։ Նրա խոսքով, սա միգուցե կապ ունի Ադրբեջանի ու ՌԴ-ի միջև սրված իրավիճակի հետ. «Միգուցե դա է պատճառը, չգիտեմ, բայց հայկական կողմը սպասում է պատասխանին»։
Ըստ ԱԺ նախագահի՝ Հայաստանի ու Ադրբեջանի ինքնիշխանությունն ու ապագան երկու երկրների ձեռքում են. «Այսօր պատմական շանս ունենք մեկընդմիշտ լուծել այդ հարցը և մեր ժառանգներին, սերունդներին խաղաղ համակեցություն թողնել»։