Իրան – ԱՄՆ՝ 0:1
Աշխարհի առաջնության B խմբից փլեյ-օֆֆի երկրորդ ուղեգիրը նվաճեց ԱՄՆ-ի հավաքականը, որը մրցեց Իրանի հավաքականի հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։
38-րդ րոպեին իտալական «Միլանի» 22-ամյա պաշտպան Սերժինյո Դեստի փոխանցումից հետո աչքի ընկավ Լոնդոնի «Չելսիի» 24-ամյա կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը։
Այսպես, ԱՄՆ-ի թիմը վաստակեց 5 միավոր, գրավեց երկրորդ տեղը եւ 1/8 եզրափակիչում կխաղա A խմբի հաղթող Նիդերլանդների հավաքականի հետ։ Իրանը 3 միավորով երրորդն է եւ լքեց պայքարը։ Ուելսը 1 միավորով գրավեց վերջին տեղը։
Ուելս – Անգլիա՝ 0:3
Աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրի խաղում Անգլիայի հավաքականը 3:0 հաշվով պարտության մատնեց ուելսցիներին եւ նվաճեց 1/8 եզրափակիչ ուղեգիր։
Առաջին խաղակեսում հաշիվը չբացվեց, իսկ երկրորդ խաղակեսում անգլիացիները 2 րոպեում 2 գոլ խփեցին։
50-րդ րոպեին տուգանայինը գերազանց իրացրեց «Մանչեսթեր Յունայթեդի» 25-ամյա հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։
52-րդ րոպեին Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը, որին գոլային փոխանցում կատարեց «Տոտենհեմի» 29-ամյա հարձակվող Հարի Քեյնը։
68-րդ րոպեին Ռեշֆորդն օգտվեց «Մանչեսթեր Սիթիի» 26-ամյա կիսապաշտպան Քելվին Ֆիլիփսի փոխանցումից եւ դուբլ ձեւակերպեց։
Անգլիայի հավաքականը B խմբում 7 միավորով գրավեց առաջին տեղը եւ 1/8 եզրափակիչում կմրցի A խմբի երկրորդ տեղը գրաված Աֆրիկայի չեմպիոն Սենեգալի թիմի հետ։