Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկում է հաստատել 2024թ.-ին ստորագրված «Սևծովյան ավազանի Interreg Next» 2021-2027թթ. դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը։ Այն Հայաստանի Հանրապետության, Ռումինիայի և Եվրոպական հանձնաժողովի միջև ԵՄ հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության 2021-2027թթ. գործիքի ներքո է։
Ըստ փոխվարչապետի՝ համաձայնագրի նպատակն է խթանել երկարատև անդրսահմանային համագործակցությունը Սևծովյան ավազանի երկրների միջև շրջակա միջավայրի պահպանության, տարածքային զարգացման, հետազոտությունների իրականացման և այլ ծրագրերի ներդրման ու կիրառման ուղղություններով:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 72 մլն եվրո, որտեղից ԵՄ դրամաշնորհային ֆինանսավորումը կազմում է շուրջ 65 մլն եվրո՝ ամբողջի 90%-ը։
Իսկ մնացած տասը տոկոսը մասնակից պետության կողմից համաֆինանսավորմամբ է, ինչը մեր պետությունը իրականացնելու է բնաիրային հատկացումով։
Ծրագիրն ունի շրջանակային բնույթ, առանձին ֆինանսավորման համաձայնագրեր են կնքվելու Սևծովյան տարածաշրջանի շահառու երկրների հետ․ Հայաստան, Վրաստան, Ռումինիա, Բուլղարիա, Հունաստան, Թուրքիա, Ուկրաինա և Մոլդովա։ Իսկ դրամաշնորհային միջոցներն ուղղվելու են տարածաշրջանի երկրների մասնակցությամբ համատեղ նախագծերի ֆինանսավորմանը: Այդ նախագծերի ֆինանսավորումն իրականացվելու է համակարգող կառավարման մարմնի՝ Ռումինիայի զարգացման, հանրային աշխատանքների և կառավարման նախարարության կողմից։
Հիմնավորման մեջ նշվում է նաև, որ ծրագիրն ընդհանուր առմամբ ուղղված կլինի նորարարական և խելացի տնտեսական վերափոխմանը և տարածաշրջանային համագործակցության խթանմանը։ Այն ներառում է կլիմայի փոփոխության հարմարվողականության, աղետների ռիսկերի կանխարգելման և այլ աշխատանքներ։
Ծրագրի շահառու կարող են լինել պետական և տարածքային կառավարման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները, հիմնադրամները, հասարակական կազմակերպությունները, առևտրային պալատները, ակադեմիական և կրթական հաստատությունները, մշակութային և հնագիտական ասոցիացիաները:
hetq.am