Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա), ում նկատմամբ հետախուզում է հայտարարված, եւ ով այս պահին գտնվում է Ֆրանսիայում, «Հրապարակ» օրաթերթին էքսկլյուզիվ հարցազրույց է տվել։ Օրերս հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի իշխանությունները հրաժարվել են Սուրիկ Խաչատրյանին արտահանձնել Հայաստանին: Մեզ հետ զրույցում Խաչատրյանն ասել է․
«Ես ամենօրյա չէ, ավելի ճիշտ` ամենժամյա կապի մեջ եմ եւ շատ մտահոգված եմ հայրենիքիս ամեն խնդրով։ Ֆեյսբուքյան պաշտոնական էջիս միջոցով հազարավոր նամակներ եմ ստանում։ Չեմ ուզում ճարտարախոսել, բայց Սյունիքի մարզի ազգաբնակչությունը գիտի, որ եթե ես էդտեղ լինեի, վիճակն այսքան ծայրահեղ չէր լինի։ Նամակներում գրեթե բոլորը քաջառողջություն են մաղթում, շատերը պահանջում են վերադառնալ Սյունիք։ Քիչ չեն նաեւ իրենց անձնական խնդիրներով դիմողները։ Ցավոք սրտի, առողջական խնդիրները թույլ չեն տալիս վերադառնալ։ Առաջիկայում սպասում եմ եւս մեկ վիրահատության, որից հետո Աստծո կամոք կվերադառնամ։ Այս պահին Հայաստանում բոլոր կառավարման օղակները, այդ թվում՝ նաեւ տարածքային եւ ՏԻՄ կառույցները, ցավոք սրտի, ղեկավարում է մեկ անձ՝ Նիկոլ Փաշինյանը։ Ուստի, ոչ մի կառույցի ոչ մի պահանջ չենք կարող ներկայացնել եւ լուծում ակնկալել։ Վերջում հստակ հայտարարում եմ, որ ես Ֆրանսիայի Հանրապետությունից քաղաքական ապաստան չեմ խնդրել, չեմ հանձնվել։ Ես սիրում եմ իմ հայրենիքը, անելիքներ շատ ունեմ եւ շարունակելու եմ ապրել Հայաստանում»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում