Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը։ Հանդիպումը տեղի է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Նախարար Բայրամովն իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում առկա իրավիճակի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, կողմերը մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքում, մասնավորապես Գազայի հատվածում և Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ։
Բացի այդ, նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք ասպեկտներ, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, տրանսպորտի և կապի ոլորտներում, ինչպես նաև անվտանգության ոլորտում, նշվում է տեղեկատվության մեջ։