ԶՊՄԿ-ն հերքում է պոչամբարում վթարի մասին տեղեկատվությունը

Այսօր մամուլում տեղ գտած հրապարակումները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարում իբր «պայթյունի» վերաբերյալ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը, տեղեկացնում են ԶՊՄԿ մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Պոչամբարի «պայթյուն» ԶՊՄԿ-ում երբեք տեղի չի ունեցել, և վստահ չենք, արդյոք նման լուրեր տարածողները պատկերացնում են, թե ինչ բան է «պոչամբարի պայթյունը» և ինչ հետեւանք կարող է ունենալ նման մասշտաբի աղետի մասին կեղծ լուրերի տարածումը Հայաստանում և Հայաստանից դուրս։ Հետևաբար լրատվամիջոցների մեր գործընկերներից ակնկալում ենք նման դեպքերում չնպաստել կեղծիքի տարածմանը եւ տեղեկատվությունը ճշտել ԶՊՄԿ-ի հետ։ Միշտ պատրաստ ենք տրամադրել իրական պատկերը, ինչը և անում ենք ստորեւ։

ԶՊՄԿ-ում տարիների ընթացքում մի քանի անգամ տեղի է ունեցել պոչատարից արտահոսքի դեպք։ Վերջին անգամ նման դեպք գրանցվել է ավելի քան երկու ամիս առաջ՝ ս/թ-ի հոկտեմբերի 13-ին։ Օպերատիվ գործողությունների արդյունքում աղտոտման տարածումը կանխվել է։ Արտահոսքի մասին տեղեկացվել են ՀՀ Սյունիքի մարզի Բնապահպանության և Ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչները։

Նախկինում՝ (2017-2021) պոչատարից տեղի ունեցած վթարների քանակը հինգն են, որոնց դեպքում աղտոտման է ենթարկվել Ողջի գետը և հարուցվել է քրեական գործ (մեկ դեպքում)։

Հարկ ենք համարում նշել, որ նման միջադեպերի խորքային պատճառները՝ ԶՊՄԿ-ում տարիների ընթացքում կուտակված թե’ ընթացակարգային, թե’ տեխնիկական վերազինման անհրաժեշտության հետ կապված խնդիրն է։ ԶՊՄԿ նոր սեփականատեր ՝ Գեոպրոմայնինգ ընկերությունների խումբը 2021 թ. հոկտեմբերից ստանձնել է ընկերության կառավարումը, հանձնառելով ԶՊՄԿ-ում առկա բնապահպանական, սոցիալական և կառավարչական խնդիրների աստիճանական բացահայտման և լուծման պարտավորություն։

Այժմ իրականացվում է առկա իրավիճակի համապարփակ աուդիտ և գնահատում։ Խնդիրների մասին պարբերաբար կտեղեկացվի հանրությանը՝ ներկայացնելով տարիների կուտակված հարցերի լուծման ռազմավարությունը։

ԶՊՄԿ-ն Հայաստանի տնտեսության հենասյունն է և դրա ներուժը լիարժեք բացահայտելն ու օգտագործելը՝ հաշվի առնելով կուտակված խնդիրները, պահանջելու են երկար, հետևողական աշխատանք, զգալի միջոցներ և բոլոր մասնակիցների, այդ թվում՝ ազդակիր համայնքների, կոլեկտիվի, հասարակության և ԶԼՄ-ների համատեղ ջանքերը»,-նշվում է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print