Եվրոպական երկրների ղեկավարները Փարիզում արտակարգ գագաթնաժողով են անցկացրել։ Նրանք քննարկել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Մոսկվայի հետ առանց Եվրոպայի մասնակցության բանակցություններ վարելու մտադրության վերաբերյալ հետագա քայլերը։
Հանդիպման արդյունքների վերաբերյալ կոնկրետ որոշումների մասին չի հաղորդվել, սակայն ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն նշել են, որ անհրաժեշտ է ավելացնել պաշտպանական ներդրումները, ինչպես նաև Ուկրաինային տրամադրել հուսալի անվտանգության երաշխիքներ։
Բանակցություններին մասնակցել են Ֆրանսիայի, Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Դանիայի, Լեհաստանի, Նիդեռլանդների ղեկավարները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ու Եվրամիության ներկայացուցիչները։
«Պատրաստ ենք և լի ցանկությամբ։ Ահա թե ինչ տպավորություն ունեմ այսօր Փարիզում կայացած հանդիպումից։ Եվրոպան պատրաստ է և ցանկանում է առաջ քայլ անել։ Վերցնել նախաձեռնությունը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տրամադրման հարցում։ Պատրաստ ենք զգալիորեն մեծացնել ներդրումները մեր անվտանգության մեջ։ Մանրամասները դեռ պետք է հստակեցվեն, սակայն պարտավորությունները պարզ են»,- գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն սոցիալական ցանցում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքով, եվրոպացիները պետք է «ավելի լավ, ավելի շատ և միասին» ներդրումներ կատարեն պաշտպանության ոլորտում՝ ինչպես այժմ, այնպես էլ ապագայում։