Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային ղեկավար Կատարինա Բյորլին Հանսենին:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ փոխվարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող ոլորտներում իրականացվող ծրագրերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը, մասնավորապես ընդգծվել է Հյուսիս-հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների կարևորությունը: Այս համատեքստում քննարկվել են ՎԶԵԲ կողմից իրականացված տեխնիկատնտեսական ուսումնասիրության արդյունքները:
Անդրադարձ է կատարվել նաև ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո ուղենիշ 1-ի շրջանակներում ՀՀ առևտրային բանկերի հետ ՎԶԵԲ կողմից իրականացվող ՓՄՁ աջակցության ծրագրերին:
Մտքեր են փոխանակվել համատեղ ծրագրերի նոր հնարավոր ուղղությունների շուրջ, կարևորվել են հատկապես տարածաշրջանային նշանակություն ունեցող նախագծերը: